Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԿԱՐՏՈՖԻԼԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ

ԿԱՐՏՈՖԻԼԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ՖԵՐՄԵՐՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՆ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԱՃԵՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիրը, որը ներառում է նաեւ ազատ առեւտրի պայմանագիրը, ստորագրող կողմերի համար նախատեսում է նաեւ մի շարք պարտավորություններ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է արտահանվող եւ ներկրվող արտադրանքի (արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքներ) որոշակի չափորոշիչների պահպանմանը։ Ներկա պայմաններում, կոնկրետ մեր հարցում, առավել նշանակալից են գյուղմթերքների համար սահմանվող չափորոշիչները, քանզի տվյալ պարագայում այն կազմում է Վրաստանից արտահանվող արտադրանքի առյուծի բաժինը։
Ստորեւ ներկայացված հարցազրույցում մենք փորձեցինք առավել մանրամասնորեն ներկայացնել, կոնկրետ, Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի տարածաշրջանների բնակչության համար առավել եկամտաբեր գյուղմթերքի՝ կարտոֆիլի արտադրության եւ արտահանման հարցում Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի դրական եւ բացասական կողմերը։
Կարտոֆիլը այն մթերքներից է, որի ֆիտոսանիտարական վերահսկողությունը՝ ինչպես սահմանագծում, այնպես էլ ներքին շուկայում կտրուկ խստացվեց։ Ինչպիսի՞ն է կարտոֆիլի ներքին շուկան, ինչպիսի՞ն են Եվրամիության երկրներ այդ մթերքի արտահանման հեռանկարները եւ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին այդ հարցում Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրումից հետո։
Այս եւ մյուս հարցերին պատասխանում է գյուղատնտեսական հարցերով փորձագետ Նինո Նատրոշվիլին։

- Տիկին Նինո, նախ պարզենք, թե ընդհանուր առմամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մեր արտադրանքը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ։
- Ասեմ, որ Եվրամիությունը Վրաստանի պարենի պիտանիության գործակալությանը երկամյա գրանտի տեսքով հատկացրել է 4,5 միլիոն եվրո։ Գրանտի նպատակն է Վրաստանում ապահովել Եվրամիության չափորոշիչներին եւ օրենսդրությանը համապատասխանող մթերքի արտադրությունը, անասնաբուժական, սանիտարական եւ ֆիտոսանիտարական վերաստուգման կառավարման համակարգերի ներդրում։ Հիշեցնեմ, որ ստորագրելով ասոցիացման համաձայնագիրը, Վրաստանն ստանձնել է իր օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու պարտավորություն։ Դրանում ներառված է նաեւ պարենամթերքի նկատմամբ վերահսկողության հարցը։ Կարտոֆիլը հենց այն սննդամթերքի տարատեսակներից մեկն է, որի ֆիտոսանիտարական վերահսկողության խստացումը Վրաստանն ստանձնել էր դեռեւս 2007 թվականին։
- Ասոցիացման համաձայնագիրը նախատեսում է նաեւ ազատ առեւտրի սահմանում, ինչն, իր հերթին նախատեսում է որոշակի սահմանափակումներ՝ այս կամ այն մթերքի հարցում։ Որքանո՞վ է դա առնչվում կարտոֆիլին։ Ի՞նչ կասեիք այդ մասին։
- Եվրամիությունը, Վրաստանի հետ առեւտրական համաձայնագրի շրջանակներում, կարտոֆիլի արտահանման սահմանափակում չի սահմանել։ Թեպետ տեղի ֆերմերները դեռեւս չեն կարողանա Եվրամիության շուկա դուրս բերել իրենց արտադրանքը, քանի որ եվրոչափանիշներին համապատասխանեցնելու համար կպահանջվի որոշակի ժամանակ։
Արտահանման ցանկություն ունեցող ֆերմերները պետք է իրականացնեն հատուկ գրանցումներ, թե ինչ թունաքիմիկատներ են օգտագործել վեգետացման փուլում։ Պետք է ուսումնասիրվի հողատարածքը, որտեղ աճեցվելու է կարտոֆիլը։ Հստակեցվելու են նաեւ հնարավոր հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի մեթոդները։ Բացի այդ, Եվրամիության շուկայում գործում է չափի չափորոշիչը, այսինք՝ ինչ մեծության կարտոֆիլ կարելի է արտահանել եվրոպական շուկա։
Թեպետ, ի պատիվ, օրինակ, Սամցխե-Ջավախեթիի ֆերմերների, պետք է ասեմ, որ, չնայած եվրոպական շուկա ներթափանցելու դժվարություններին, այստեղ արդեն ձեռնամուխ են եղել եվրոպական տեխնոլոգիաների ներդրմանը եւ մշակել են կարտոֆիլի աճեցման նոր մեթոդներ։
Օրինակ, տարածաշրջանի տնտեսություններում ներդրել են Եվրոպայում արդյունավետ փորձարկում անցած կաթիլային ոռոգման համակարգը, ինչը թույլ է տալիս ջրի խնայողական օգտագործմամբ ստանալ բարձր բերք։ Ոռոգման այդ համակարգի մոնտաժման արժեքը մեկ հեկտար հողատարածքի վրա կազմում է 3-4 հազար լարի։ Թեպետ դրա օգտագործման դեպքում 1 կիլոգրամ կարտոֆիլի ինքնարժեքը կազմում է 35-40 թեթրի։ Նման դեպքերում հողերն ապահովված են լինում երաշտից։ Փորձերը ցույց են տվել, որ ոռոգման վերոնշյալ համակարգի օգտագործման դեպքում, 7-10 հեկտարի վրա աճեցվել էր 22-25 տոննա բերք, այն դեպքում, երբ սովորական ոռոգման պայմաններում նույն հողատարածքի բերքատվությունը կազմել էր 10-11 տոննա։
- Որքանո՞վ է հավանական եվրոպական շուկայում մեր կողմից կարտոֆիլի արտահանման հնարավորությունը։ Չէ՞ որ այնտեղ ուժեղ մրցակցություն է։
- Իրոք, մրցակցությունն ուժեղ է։ Եվրամիության շուկայում կարտոֆիլի հիմնական մատակարարները Իսպանիան, Իտալիան եւ Լեհաստանն են։ 2014 թվականի տվյալներով, Եվրամիության երկրների շուկաներում կարտոֆիլը ամենաէժանը Լեհաստանում էր՝ կիլոգրամի դիմաց 0,58 եվրո, իսկ ամենաթանկը Բելգիայում՝ 2,2 եվրո։
Ամենայն հավանականությամբ, եվրոպական չափորոշիչներին Վրաստանում աճեցրած կարտոֆիլի համապատասխանեցման դեպքում, եվրոպական շուկա մուտք գործելու ամենահավանական հնարավորությունը կունենա վաղահաս կարտոֆիլը։ Ինչպես գիտեք, վաղահաս կարտոֆիլը մեր տարածքներում հասունանում է մայիսի վերջին֊հունիսի առաջին տասնօրյակում։ Եվրոպական շուկայում վաղահաս կարտոֆիլի արտահանման հնարավորությունն իրատեսական է, քանզի հիմնական մատակարարող երկրներում վաղահաս կարտոֆիլը ստացվում է շատ ավելի ուշ։ Ինչ վերաբերում է ուշահաս կարտոֆիլին, ապա այստեղ հարկ կլինի մթերքի ներկայացման առումով որոշակի աշխատանք կատարել, գովազդել, դրան նվիրված միջոցառումներ կազմակերպել եւ այլն։
- Իսկ ի՞նչ կասեիք կարտոֆիլի ներքին շուկայի մասին։
- Ինչ վերաբերում է կարտոֆիլի ներքին շուկային, ապա, 2014 թվականի հունիսի տվյալներով, մեկ կիլոգրամ կարտոֆիլի մեծածախ գինը կազմում էր 45-50 թեթրի, իսկ փոքրածախը՝ 0,6-1 լարի։
Նշեմ, որ 2013 թվականի աշնանն ու ձմռանը տեղական շուկայում կարտոֆիլի գինը կտրուկ աճեց, հասավ 1,6-2 լարիի։ Ֆերմերների պարզաբանմամբ, կարտոֆիլի գնի ավելացումը պայմանավորված էր արտահանման ծավալների մեծացման հետ։ 2013 թվականին երկրի մասշտաբով Վրաստանում իրացվել է 296 600 տոննա կարտոֆիլ, արտահանվել՝ 16 630 080 տոննա։
Վրաստան կարտոֆիլի ներկրման հարցով լիդերը Հայաստանն է, այն անցյալ տարի ներկրել է 13 205 600 տոննա կարտոֆիլ։ Այդ ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Եգիպտոսը, որտեղից ստացվել է 1 673 600 տոննա կարտոֆիլ, երրորդը՝ Նիդերլանդները՝ 925 300 տոննա։
Ներկրման ծավալների նման ավելացումը առաջացրեց ֆիտոսանիտարական վերահսկողության խստացման անհրաժեշտություն։  Դրա շնորհիվ էր, որ անցյալ տարի խոտանվեց եւ ետ ուղարկվեց 924 565 տոննա կարտոֆիլ։ Նշենք, որ կարտոֆիլի գնի վրա որոշակի ազդեցություն գործեց նաեւ այն, որ տեղական արտադրողները չկարողացան բավարարել ներքին շուկայի պահանջարկը։
Թեպետ հարկ է նշել, որ 2013 թվականի կարտոֆիլի բարձր գինը որոշակիորեն խրախուսեց ֆերմերներին, ինչը հանգեցրեց կարտոֆիլի ցանքատարածքների ավելացմանը։ Օրինակ, 2014 թվականին Բոլնիսիի մունիցիպալիտետում վաղահաս կարտոֆիլ տնկարկվեց ավելի քան 2 հազար հեկտար տարածքի վրա։
Տեղաշարժեր են նկատվել նաեւ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում։ Օրինակ, 2014 թվականի համար Ախալքալաքիի մունիցիպալիտետում կարտոֆիլի տակ դրվեց 7100 հեկտար տարածք։ Անցյալ տարի ախալքալաքցիներն էլ իրենց կարտոֆիլը ծախեցին բավականին բարձր գներով։ Գնորդները մթերքը տանում էին անմիջականորեն գյուղերից։ Հավանաբար, դա յուրատեսակ ազդակ հանդիսացավ ֆերմերների համար։ Բավական է նշել, որ ախալքալաքցի ֆերմերներն ընթացիկ տարվա համար գնել էին շուրջ 400 տոննա կարտոֆիլի սերմնանյութ։
Ինչպես տեսնում ենք, Եվրամիության շուկա մուտք գործելու հեռանկարներն իրատեսական են, թեպետ հարցի վերջնական լուծման ոչ միայն բավականին ժամանակ, այլեւ նշանակալի ծավալի աշխատանք ու միջոցներ պետք է հատկացվեն։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Օգոստոս 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31