2013-2014 ուստարվա բազային աստիճանը հաջողությամբ ավարտած մի խումբ դպրոցականներ, «Իմ առաջին համակարգիչը» նախագծի շրջանակներում, պարգեւատրվեցին «Նոթբուք» համակարգիչներով։
Պարգեւատրության հանդիսությունը տեղի ունեցավ Վրաստանի կրթության եւ գիտության գործակալության սրահում (ՀԻԻԱ-ի կրթության եւ գիտության ենթակառույցի զարգացման գործակալության ֆինանսական եւ նյութական ռեսուրսների ծառայության աշխատանքի գլխավոր մասնագետ Լելա Սվիմոնիայի կողմից)։
Նա Թբիլիսիի թիվ 96 ռուսական դպրոցի աշակերտ է, ով գերազանց գնահատականներով է փակել առաջինից մինչեւ իններորդ դասարանները, դպրոցում միակն է, որ արժանացել է նախարարական նշյալ պարգեւին։
Ուշիմ, խելացի… Այս բնորոշումները Ռոբերտի դեպքում թերի են։ Նրա մասին խոսելիս՝ պետք է ավելացնել՝ նաեւ զուսպ է, հավասարակշռված, սկզբունքային։ Որքան էլ, ամենալավ իմաստով, զարմանալի է, բայցեւ այդպիսին է 15 տարեկան Ռոբերտ Գրիգորյանը։ Ի դեպ, նա հավասարապես հետաքրքրվում է բոլոր առարկաներով, առանձնապես սիրում է կենսաբանությունն ու մաթեմատիկան։ Երազում է դառնալ ծրագրավորող։ Հայերեն գրել-կարդալ սովորել է հայկական դպրոցների մանկավարժներ տատի եւ մայրիկի օգնությամբ։
- Ամբողջ օրդ անցնում է սովորելո՞վ։
- Իհարկե ոչ, հաճախ կիթառ եմ նվագում, համակարգչի դեմ նստում, փորձում եմ ոչ բարդ ծրագրեր հորինել…
- Ռոբերտ, գերազանցիկ լինելդ չի՞ խանգարում ընկերական հարաբերություններիդ, դու մի քիչ գոնե չե՞ս մեծամտանում նրանց շրջապատում։
- Իհարկե ոչ, ուսումը չի խանգարում ընկերներիս հետ հաստատված իմ պարզ ու անկեղծ հարաբերություններին։
- Ովքե՞ր են ծնողներդ։
- Հայրս իրավաբան է, մայրս՝ մանկավարժ։
- Եվ վերջին հարցը. ի՞նչ տվեց քեզ նախարարական պարգեւը։
- Ոգեւորեց ինձ։ Շնորհակալ եմ պարգեւի համար, բայց, խոստովանում եմ, որ եթե նույնիսկ ինձ չպարգեւատրեին էլ, դարձյալ կսովորեի նույն ոգով…
- Ռոբերտ, ընդունիր նաեւ մեր ու «Վրաստան» թերթի ընթերցողների շնորհավորանքները։ Ցանկանում ենք բոլոր նպատակներիդ իրագործում եւ ամենայն բարին։
ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ