ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՆ, ՍԱԿԱՅՆ ԴԱ ՈՐՔԱՆՈ՞Վ ԿԱԶԴԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՆԻ ՎՐԱ
Սեպտեմբերի մեկից եվրոպական արտադրության մեքենաների ներմուծման մաքսատուրքը վերացվեց։ Հետեւաբար, եվրոպական մեքենաներ ներկրողները Վրաստան ներմուծած յուրաքանչյուր մեքենայի հաշվով կարող են տնտեսել 150-ից մինչեւ 300 լարի։ Մաքսատուրքի վերացմամբ նկատելիորեն տուժում է պետբյուջեն, որի եկամուտները, միայն մեկ տարում այդ ուղղությամբ կնվազեն 8-10 միլիոն լարիով։ Հատկանշական է, որ ներկրած եվրոպական մեքենաների մաքսատուրքի վերացումը բացարձակապես չի առնչվում ակցիզային հարկի հետ, որի չափը մեքենաների մաքսազերծման ժամանակ ամենաբարձրն է։ Այդ հարցի կապակցությամբ օրենսգրքում փոփոխություններ, դեռեւս ծրագրված չեն։
Եվրոպական արտադրության մեքենաների ներկրման մաքսային տուրքի վերացումը փորձագետները դրական են գնահատում, թեպետ գտնում են, որ դա եվրոպական մեքենաների պահանջարկի վրա ազդեցություն չի գործի, հետեւաբար ներկրման մակարդակի փոփոխություն չի լինի։
Հիշեցնենք, որ մարդատար ավտոմեքենաների ներկրման հարկը կազմված է երկու բաղադրիչից՝ ակցիզային հարկից եւ մաքսատուրքից։ Ինչպես նշեցինք, սեպտեմբերից վերացվել է միայն մաքսատուրքը, ակցիզայինը մնացել է անփոփոխ։
Ինչպես նշեց Վրաստանի էկոնոմիկայի նախարարության արտաքին առեւտրի դեպարտամենտի փոխնախագահ Մարիամ Գաբունիան, ներկրողները մաքսատուրքից ազատվելու համար ներկայացնելու են մեքենայի արտադրությունը հաստատող հավաստագիր։
«Ներկրված ավտոմեքենաները մաքսատուրքից կազատվեն միայն այն դեպքում, եթե դրանք ունենան արտադրությունը հավաստող փաստաթուղթ՝ EUR-1։ Իսկ ինչ վերաբերում է ակցիզային հարկին, ապա այն մնում է անփոփոխ։ Ասոցիացման համաձայնագիրը ակցիզային հարկին չի վերաբերվում»,- հայտարարեց Մարիամ Գաբունիան։
«BMW», «MINI» մակնիշի ավտոմեքենաները Վրաստան ներկրող «Օմեգա մոտորս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լալի Գեգեշիձեն նշեց, որ իրենք եվրոպական մատակարարներին արդեն զգուշացրել են EUR-1 հավաստագրի անհրաժեշտության մասին։ Նրա խոսքերով, մաքսատուրքի վերացումը, հնարավոր է ազդեցություն չգործի եվրոպական մեքենաների պահանջարկի վրա, թեպետ նորամուծությունը յուրատեսակ խթանիչ է գործունեության ծավալման համար։
Փորձենք վերոնշյալ նորամուծությունը ներկայացնել կոնկրետ թվերով։ Օրինակ, Վրաստանում բոլորից մեծ պահանջարկ վայելող «Մերսեդես 320» մոդելի մեքենան (շարժիչի ծավալը՝ 3,2, թողարկման տարին՝ 2000 թվականը) մաքսազերծելու համար մինչեւ սեպտեմբերի մեկը հարկ էր վճարել 2912 լարի, որից 2240 լարին ակցիզային հարկն էր, իսկ 272 լարին՝ մաքսատուրքը։ «BMW֊X5» մոդելի մեքենայի (շարժիչի ծավալը՝ 4,4, թողարկման տարին՝ 2000 թվականը) մաքսազերծման համար ակցիզային հարկը կազմում էր 3080, իսկ մաքսատուրքը՝ 374 լարի։ Ասոցիացման համաձայնագրի կիրարկումից հետո ներկրողները ազատվեցին հենց այդ 272 եւ 374 լարին մուծելու անհրաժեշությունից։
Մաքսատուրքի վերացումը չի վերաբերվում բեռնատար մեքենաներին։ Այդ մեքենաների լրիվ արժեքը հարկադրվում է 18 տոկոս հավելյալ արժեքի հարկով (ՀԱՀ), հետեւաբար մաքսազերծման ժամանակ այդ մեքենաների համար արտոնություններ չեն սահմանվել։
Եվրոպական երկրներից տարվա ընթացքում Վրաստան է ներկրվում 36-37 հազար մարդատար ավտոմեքենա։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2012 թվականին Վրաստան է ներկրվել 202,5 միլիոն դոլար ընդհանուր արժողության 36426 մարդատար ավտոմեքենա։ 2013 թվականի տվյալներով, ներկրվել է 204,6 միլիոն դոլարի ընդհանուր արժողության 37911 ավտոմեքենա։ Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին, ապա այդ ժամանակահատվածում Եվրամիության երկրներից Վրաստան է մուտք գործել 17725 մարդատար ավտոմեքենա։ Դժվար չէ հաշվել, որ մաքսատուրքի վերացման պայմաններում, պետական բյուջեն, միջին հաշվով, կորցնում է 8-ից մինչեւ 10 միլիոն լարի։
Ինչպես նշեցին փորձագետները, դրական են գնահատում մաքսատուրքի վերացումը, թեպետ նշում են, որ դա դժվար թե ավելացնի եվրոպական մեքենաների պահանջարկը։ «150-300 լարին տվյալ պարագայում եղանակ չեն ստեղծում։ Մարդը, որն որոշել է գնել մեքենա, ապա նրա համար 200 դոլարն էական նշանակություն չունի, իսկ ով փող չունի, ապա նրա համար միեւնույն է մեքենան կարժենա 3000, թե 3200 դոլար։ Ավտոմեքենաների բիզնեսի զարգացման առաջնահերթ պայմանը մարդկանց գործով ապահովելն է, ինչը կհանգեցնի նրան, որ մարդկանց մոտ փող կլինի»,- ասաց ավտոմեքենաների փորձագետ Շալվա Օգբաիձեն։
Նրա հետ համամիտ է նաեւ տնտեսագետ Լեւան Կալանդաձեն։ «Իհարկե, մաքսատուրքի վերացումը, որի նվազագույնը կազմում էր 150, իսկ առանձին մեքենաների համար՝ 400֊450 լարի, որոշակի զեղչ է եւ ձեռնտու է գնորդներին։ Իսկ ինչ վերաբերում է ակցիզային հարկին, ապա դա կախված է պետության առաջնահերթություններից ու տնտեսական քաղաքականությունից»,- հայտարարեց տնտեսագետը եւ հավելեց, որ մաքսատուրքի վերացումը մեքենաների գնի կամ դրանց նկատմամբ պահանջարկի վրա էական ազդեցություն չի գործի։ «Տվյալ պարագայում նշանակալիցը ակցիզային հարկն է, որի նվազեցումը ծրագրված չէ։ Եվ դա հասկանալի է, քանզի խոսքը վերաբերում է պետական բյուջեին, որի եկամուտների մուտքագրումը, առանց այդ էլ հիմնախնդրային է։ Իսկ ինչ վերաբերում է մեքենաների պահանջարկի ավելացմանը, ապա դա նույնպես կախված է ընդհանուր տնտեսական իրադարությունից, ավելի ստույգ՝ տնտեսական առաջընթացիկ կամ հարկերի նվազեցումից։ Իսկ հենց այդ ուղղություններով նկատելի առաջընթաց չի նկատվում»,- հայտարարեց Լեւան Կալանդաձեն։
Հանրագումարելով վերոնշյալը, վստահությամբ կարելի է ասել, որ մաքսատուրքի վերացումը, իրոք ազդեցություն չի գործի մեքենաների բիզնեսի կտրուկ կամ նկատելի զարգացման, ինչպես նաեւ մեքենաների նկատմամբ պահանջարկի ավելացման վրա։ Ավելացնենք նաեւ, որ մաքսատուրքի վերացումը առնչվում է միայն եվրոպական արտադրության, այն էլ թողարկման EUR-1 հավաստագիր ունեցող ավտոմեքենաներին։
ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ