Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՄԿՐՏԻՉ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ՆԵՐՈՒԺԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»

ՄԿՐՏԻՉ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ՆԵՐՈՒԺԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»

Էլ.փոստ Տպել PDF

Ախալցիխեի մունիցիպալիտետի Սխվիլիսի գյուղի ֆերմեր Մկրտիչ Մովսիսյանը ճանաչված անձնավորություն է ոչ միայն Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում, այլեւ ողջ Վրաստանում։ Եվ դա պատահական չէ, քանզի Մկրտիչը՝ որպես տարածաշրջանային զարգացման ասոցիացիայի անդամ եւ բնագավառի փորձառու մասնագետ, գյուղատնտեսությանն առնչվող հարցերով պարբերաբար շփվում է ինչպես հարազատ մունիցիպալիտետի, տարածաշրջանի, այնպես էլ՝ Վրաստանի մյուս երկրամասերի ագրոհատվածի ներկայացուցիչների հետ։
Բացի վերոնշյալից, Մկրտիչ Մովսիսյանը բավականին հաջողությամբ իրականացնում է նաեւ ֆերմերական գործունեություն, իր տեսական եւ պրակտիկ գիտելիքները ներդնում կոնկրետ գործերում։

- Նախ մի քանի խոսք՝ Ձեր մասին։
- 52 տարեկան եմ, ծնվել եւ միջնակարգ կրթություն ստացել եմ Սխվիլիսիում, ապա ընդունվեցի Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտ, թեպետ ուսումս, ընտանեկան պատճառներով, թերի մնաց։
Մանկուց աշխատել եմ հողի վրա եւ այդ պրակտիկ փորձն հարստացրել եմ ինքնուսուցմամբ ու մի շարք մասնագիտական վարժանքների շնորհիվ, որոնք անցա 1998-2001 թվականներին, երբ աշխատում էի ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ  մեզանում գործող «ՔԵԱ» կազմակերպությունում։ Մասնագիտական հմտության հարստացման գործում նշանակալից էր նաեւ տարածաշրջանային զարգացման ասոցիացիայում իմ գործունեությունը, որտեղ անմիջականորեն զբաղված էի ագրարային հարցերով, գյուղատնտեսական ոլորտին առնչվող մասնագիտական խորհրդատվություններ էի ներկայացնում Վրաստանի մասշտաբով մի քանի տասնյակ գյուղերում գործող ֆերմերներին։
- Դուք, իրոք, երկրի մասշտաբով ճանաչված մասնագետ եք, եւ պատահական չէ, որ նույնիսկ ոլորտի թեմաներ լուսաբանող վրացական ԶԼՄ-ների լրագրողների խորհրդատվությունների համար դիմում են Ձեզ։
Եկեք կոնկրետ անդրադառնանք այն թեմային, որը առանձնակի մտահոգություն եւ անհանգստություն է պատճառում սպառողներին։ Խոսքը վերաբերում է «երկրորդ հացին»՝ կարտոֆիլին, որի սպառողական գինը այս տարի, կարելի է ասել, ռեկորդային բարձունքների է հասել։ Օրինակ, անցյալ տարի նույն ժամանակահատվածում մեկ կիլոգրամ կարտոֆիլի գինը տատանվում էր 60-70 թեթրիի սահմաններում, իսկ այսօր այն կազմում է 1-1,2 լարի։
- Դե, մինչեւ ռեկորդային բարձունքները, դեռ հեռու է, թեպետ ամենայն հավանականությամբ, ձմռանը կարտոֆիլի գինը կարող է հասնել երկու լարիի։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով։ Նախ, ներկա դրությամբ, սպառողական ներքին շուկայի կարտոֆիլի պահանջարկի առյուծի բաժինը բավարարվում է տեղական արտադրության մթերքի հաշվին, թեպետ պետք է նշել, որ կարտոֆիլի ձմեռային պաշարի մոտ 50 տոկոսն արդեն վաճառվել է, մնացածը, հաշվի առնելով պահանջարկի ծավալները, կբավարարեն առավելագույնս 2-3 ամիս։
Երկրորդ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի կարտոֆիլի բերքը բավականին սուղ էր։ Այս տարվա բերքաշրջանն իրեն չարդարացրեց։ Օրինակ, 2014 թվականին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում բերքատվությունը պակաս էր, նախորդ տարվա համեմատությամբ հավաքվեց 20 տոկոսով պակաս բերք։ Կարտոֆիլի ներքին շուկայական գինը մեծապես պայմանավորված է մեր տարածաշրջանում հավաքած բերքի քանակից ու որակից։ Ամռանը կարտոֆիլի գինը ցածր էր, սակայն օգոստոսին հաստատված երաշտի պատճառով շուկայում ծագեց կարտոֆիլի անբավարարություն, եւ մթերքի գինը կտրուկ ավելացավ։ Իմ հաշվարկներով, գնաճի գործընթացը երկար չի շարունակվի եւ մեկ կիլոգրամի դիմաց երկու լարիի սահմանագիծը չի անցնի։ Վերցնենք թեկուզ վաղահաս կարտոֆիլը։ Տեւական տեղումների պատճառով, վաղահաս կարտոֆիլի հիմնական մատակարարող Մառնեուլիի եւ Բոլինիսիի շրջաններում կարտոֆիլի բերքը շատ սուղ էր։ Ստացված բերքն էլ ավանդական արտահանողները դուրս բերեցին երկրի սահմաններից։ Արդյունքում, մեր ասոցիացիայի տվյալներով, 2014 թվականին երկրի սահմաններից արտահանվել է 357 հազար դոլարի կարտոֆիլ, այսինքն՝ միայն այս տարի արտահանվել է այնքան, որքան 2011 եւ 2012 թվականներին միասին վերցրած։
- Հետեւաբար, կարտոֆիլի սպառողական գնի ավելացումը սպասելի է, քանզի շուկայում կառաջանա պալարապտղի պակաս։
- Ոչ, պակասորդ չի լինի, քանի որ մոտ ժամանակներում ներքին շուկայում տեղական մթերքին բոլոր դեպքերում փոխարինելու է ներկրածը։ Հետեւաբար, կարտոֆիլի ներկրումների ծավալից է կախված մեծ պահանջարկ վայելող այդ մթերքի գնի հետագա աճը դանդաղեցնելու գործընթացը։ Նշեմ, որ ներկրումների ծավալի կտրուկ ավելացում նկատվեց 2014 թվականի հունվար-ապրիլ ամիսներին։ Այդ ժամանակահատվածում Վրաստան է ներկրվել ընդհանուր առմամբ 4 միլիոն դոլար գումարի կարտոֆիլ։ Եվ դա սպասելի էր, քանի որ գարնանը Վրաստանում գրեթե միշտ զգացվում է կարտոֆիլի պակասորդ։
Երրորդ, տվյալ պարագայում մեծ նշանակություն է ձեռք բերում արտահանումը։ Անցյալ տարի կարտոֆիլի գնի ավելացումը պայմանավորված էր արտահանման ծավալների կտրուկ ավելացմամբ, իսկ այս տարի կարտոֆիլը Վրաստանից, այն էլ՝ փոքր քանակաբաժիններով, արտահանվել է միայն Ռուսաստան եւ Ադրբեջան։ Ներկայումս արտահանումը կանգնեցվել է՝ տեղական կարտոֆիլ չունենք, բացի այդ, մթերքի ինքնարժեքը բարձր է, եւ դրա իրացման համար արտահանումը իրեն չի արդարացնում։ Բերքի շատ ավելի մեծ մասը իրացվել եւ իրացվում է ներքին շուկայում։
Մի խոսքով, եթե տեղական շուկայում շրջանառության մեջ լիներ միայն տեղական արտադրության կարտոֆիլը, ապա, ամենայն հավանականությամբ, այլ իրավիճակ կստեղծվեր, սակայն այդպես չէ։ Կարտոֆիլի ներկրումներ են իրականացվում Հայաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Բելառուսից եւ Հոլանդիայից։
Բոլոր դեպքերում, ձմռանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մեծապես կախված կլինենք ներկրումների ծավալից։ Կրկնում եմ, մեր ունեցած պաշարը կբավարարի 2-3 ամիս։
- Դուք նշեցիք մթերքի բարձր ինքնարժեքի մասին, սակայն չէ՞ որ էկոլոգիապես մաքուր մթերքը, ինչպիսին Ձեր կարտոֆիլն է, բարձր է գնահատվում արտասահմանյան շուկայում։ Դա այնպիսի առավելություն է, որ շատ երկրներ կարող են նախաձել։
- Դուք իրավացի եք, մեր մթերքը, իսկապես էկոլոգիապես մաքուր է, առավելագույն խուսափում ենք տարբեր թունաքիմիկատների օգտագործումից, աշխատում ենք բավարարվել միայն օրգանական եւ ավանդական պարարտանյութերից։ Սակայն նման մոտեցումն էլ որոշակի ծախսեր է պահանջում, ինչը, միշտ չէ, որ իրեն արդարացնում է։ Ռիսկերը բավականին նշանակալից են, եւ այդ հանգամանքը հարկ է հաշվի առնել։
- Նկատի ունեք եղանակային պայմաննե՞րը։
- Ոչ միայն։ Հարկ է անցկացնել հողի քիմիական անալիզը, պարզելու, թե որ նյութերն են անբավարար եւ որոնք նորմայից ավելի։ Իսկ դա բավականին թանկ գործ է։ Նշանակալից ծախսեր են կատարվում նաեւ հողի վերամշակման, սերմանյութի ընտրության եւ տեսակավորման, ոռոգման հարցի կարգավորման, ցանքադաշտերը մոլախոտերից ազատելու եւ վերջապես, բերքահավաքը նորմալ անցկացնելու համար։ Դա այսպես ասած մեզանից կախված գործոններն են, սակայն կա նաեւ բնականը՝ բավական է ամռանը մի քանի րոպեանոց կարկուտ, եւ ողջ աշխատանքը ջուրն է ընկնում։ Էլ չեմ խոսում երաշտի, մշակաբույսերի հիվանդությունների եւ այլնի մասին։
- Վերջին մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտի զարգացումը խրախուսելու համար, կառավարությունը ձեռնարկել է մի շարք կոնկրետ քայլեր։ Մասնավորապես, գործում է արտոնյալ ագրովարկերի նախագիծը, սկսվել է ագրոապահովագրությունը… Ի՞նչ կասեիք այդ մասին։
- Միանգամից ասեմ, որ դա դրական երեւույթ է։ Դրանցից առանձնապես կընդգծեի ագրոապահովագրությունը։ Հիմա դժվար է ասել, թե որքանով այն գործուն կլինի, ժամանակը ցույց կտա, սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դրա ծավալներն ու հնարավորությունները կընդլայնվեն։
Բնականաբար, նշանակալից է նաեւ ագրովարկերի նախագիծը, թեպետ նախագծի առանձին դրույթները, ըստ իս, որոշակիորեն սահմանափակում են դրանցից օգտվողների շրջանակները։
Իմ կարծիքով, իշխանություններն է՚լ ավելի պետք է ուշադրություն հատկացնեն գյուղատնտեսությանը։ Ցավոք, մեր ներուժը լրիվությամբ չէ, որ օգտագործվում է, հակառակ դեպքում, ինչո՞վ կարելի է բացատրել այն փաստը, որ ագրարային ավանդույթներ ունեցող մեր երկրում ծագում է կարտոֆիլի անբավարարություն, եւ ստիպված հիմնախնդիրը կարգավորում ենք ներկրումների հաշվին։ Երկրի աշխարհագրական դիրքն ու կլիման ավելի քան նպաստավոր են տարբեր մշակաբույսերի, այդ թվում՝ նաեւ կարտոֆիլի բարձր բերքի ապահովման համար։ Առկա հնարավորությունների լիարժեք իրացման դեպքում, հեշտությամբ կարող է լրիվությամբ բավարարել ինչպես ներքին շուկայի պահանջարկը, այնպես էլ՝ որպես արտահանող երկիր, ապահովել ու ամրացնել մեր դիրքերը։
Առկա ներուժը զարգացման լուրջ հնարավորություն է ընձեռում։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Նոյեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30