Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ԳԻՈՐԳԻ ՔԱԴԱԳԻՁԵ. «ԶԳՈՒՇԱՑԵՔ «ԲԱՆԿԱՅԻՆ ԹԱԿԱՐԴՆԵՐԻՑ»

ԳԻՈՐԳԻ ՔԱԴԱԳԻՁԵ. «ԶԳՈՒՇԱՑԵՔ «ԲԱՆԿԱՅԻՆ ԹԱԿԱՐԴՆԵՐԻՑ»

Էլ.փոստ Տպել PDF

Վերջին ժամանակներում հաճախակի են դարձել երկրում գործող բանկերի գործունեությունից դժգոհ քաղաքացիների ելույթները։

Խոսքը վերաբերում է ինչպես հիպոթեկային, այնպես էլ սովորական վարկերից օգտվող քաղաքացիներին, որոնք տոկոսադրույքների մարման տեսանկյունից, մեծ մասամբ, վերջում հայտնվում են եթե ոչ անելանելի, ապա շատ ծանր իրավիճակում։ Ստեղծված բարդությունների մասշտաբներն այնքան մեծ են, որ հիմնախնդիրն իր վրա գրավեց նաեւ երկրի գործադիր իշխանության ուշադրությունը։ Հաշվի առնելով սույն հանգամանքը, գործադիրը Վրաստանի ազգային բանկի ղեկավարությանը հանձնարարեց խիստ վերահսկողություն սահմանել բանկերի ինչպես հիպոթեկային, այնպես էլ վարկային քաղաքականության վրա, բացահայտել այն մեխանիզմները, որոնց օգնությամբ վարկատու բանկերը կարողանում են ստանալ աննախադեպ եկամուտներ։
Արձագանքելով ստեղծված իրավիճակին, Վրաստանի ազգային բանկը, հանձինս բանկի նախագահ Գիորգի Քադագիձեի, հանդես եկավ հայտարարությամբ, որով քաղաքացիներին զգուշացնում է խուսափել բանկային համակարգում առկա այսպես կոչված «թակարդներից», որոնց շնորհիվ բանկերը կարող են բավականին բարդ իրավիճակներ ստեղծել բանկային ծառայություններից օգտվողներին։
Կոմերցիոն բանկերի ներկայացուցիչների հետ վերջերս կայացած հանդիպմանը՝ Գիորգի Քադագիձեն քաղաքացիների ուշադրությունը բեւեռեց այն հանգամանքի վրա, որ բանկերի հետ վարկային պայմանագիրը ձեւակերպելիս հարկ է ուշադրությամբ ծանոթանալ դրա դրույթներին եւ, ընդհանրապես, բացառիկ զւշություն ցուցաբերել բանկային այնպիսի ծառայություններից օգտվելիս, ինչպիսիք են վճարման տարաժամկետման, հետաձգումը, վարկային քարտը, պարտքի մարումը եւ այլն։
«Վերջին հետազոտությունների վերլուծությունը վկայում է այն մասին, որ բանկային համակարգում զգալիորեն ավելանում է սպառողական վարկավորումը։ Եթե դրան ավելացվեն նաեւ միկրոֆինանսական կազմակերպությունները, ակնթարթային տարաժամկետավորումը, գրավատները եւ այլն, ապա ստեղծվում է իրավիճակ, երբ բնակչության զգալի հատվածը պարբերաբար մարում է պատքերը, ինչը լուրջ սպառնալիքներ է ստեղծում նրանց ֆինանսական կայունությանը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Վրաստանը պատկանում է նվազ եկամուտներով երկրների թվին, ապա զարմանալի ոչինչ չկա, որ շատերը չեն կարողանում վերջնականապես մարել պարտքերը, ուստի բանկին դիմում են պարտքի մասնատման խնդրանքով։ Տվյալ պարագայում հիմնախնդիրն այն է, որ ֆինանսական ինստիտուտները, նման պայմաններում, հին վարկը մարելու համար այդ մարդկանց առաջարկում են վերցնել նոր վարկ։ Որպես օրենք դա հիմնախնդրի ժամանակավոր լուծման տարբերակ է, իսկ արդյունքում այդ ծառայությունից օգտվողները շատ ավելի մեծ գումարներ են վճարում։
Դիմելով բանկերի հաճախորդներին, կոչ եմ անում վարկերի ստացման ժամանակ ոչ միայն ուշադրությամբ ծանոթանալ պայմանագրի դրույթներին, այլեւ առավելագույն զգոււշություն ցուցաբերել տարբեր տեսական վճարումների տարաժամկետավորման, հետաձգման, վարկային քարտերի, պարտքերի մարման եւ այլնի նկատմամբ։ Մեր պայմաններում դրանք բավականին թանկ վարկեր են, ուստիեւ շատ ավելի մանրակրկիտ պետք է ծրագրել առկա ֆինանսական հնարավորությունները։ Հարկ չկա դիմել ռիսկի եւ ստացված վարկով գնել պերճության առարկաներ»,- հայտարարեց Ազգային բանկի նախագահը։
Նրա խոսքերով, առկա է բանկերի կողմից ներկայացվող ծառայությունները ներկայացվող պահանջարկին առաջելագույն հարմարացնելու անհրաժեշտությունը։
«Նախորդ վարկի մարման համար նոր վարկ վերցնելը, կամ վարկային նոր քարտի միջոցով նախորդի պարտքի մարումը եւ այլն, հիմնախնդրի կարգավորում չի կարող համարվել։ Նման դեպքերում բացառված չէ, որ վարկի տոկոսների գումարը լինի ավելի մեծ, քան վարկով վերցրած գումարն է, քանզի Վրաստանում նման ծառայության տոկոսադրույքները բավականին բարձր են։ Ի վերջո, մարդիկ ստիպված են լինում վարկի դիմաց գրավի տակ դնել անշարժ գույքը։ Սույն գործընթացը մեղմ ասած «վարկային թակարդ» է։ Որպեսզի նման ոչինչ տեղի չունենա, մարդիկ, նախ՝ պետք է լրիվությամբ գիտակցեն այն ռիսկի մակարդակը, որը բովանդակվում է թանկարժեք վարկերի ստացումը, իսկ բանկերը, իրենք պետք է համապատասխան գնահատեն իրենց պատասխանատվությունը այդ մարդկանց առջեւ»,- հայտարարեց Գիորգի Քադագիձեն եւ հավելեց, որ Ազգային բանկը երկու ուղղություններով ակտիվ գործունեություն է ծավալել. «Առաջինը, դա այն է, որ բանկերը իրենց ցուցաբերած սպասարկումները առավելագույնս պետք է հարմարացնեն սպառողական շուկայում ստեղծված իրավիճակին եւ երկրորդը, որպեսզի բոլոր սպասարկումներն ու բոլոր սպառնալիքները, որոնք բովանդակվում են տարբեր տեսակի վարկերում, լինեն առավելագույնս թափանցիկ»,- ընդգծեց Ազգային բանկի նախագահը։

ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
< Նոյեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30