Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Հասարակություն ՄԻԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՎ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՌՆԱԼ ԼԻԱՐԺԵՔ ՔԱՂԱՔԱՑԻ

ՄԻԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՎ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՌՆԱԼ ԼԻԱՐԺԵՔ ՔԱՂԱՔԱՑԻ

Էլ.փոստ Տպել PDF

Վրաստանի կրթական համակարգը, ուսուցման որակը բարելավելու եւ արդյունավետ դարձնելու համար, հեռատես ու համարձակ քայլեր է անում՝ եվրոպական չափանիշներին հասնելու աներեր վճռականությամբ։

Դա, հարկավ, ողջունելի նախաձեռնություն է։ Վերջին տարիներին ուսումնա-դաստիարակչական աշխատանքը երկրում զգալի վերելք է ապրել։ Առանձնապես, բեկումնային ընթացք ունեցավ մեր դպրոցում վրաց լեզվի դրվածքը. հայկական կրթօջախներում վրաց լեզուն ուսումնասիրվում է մայրենիի խորությամբ ու չթուլացող հետեւողականությամբ։ Նկատենք, որ կենտրոնից հեռու ընկած ծայրամասային հայկական գյուղերում գործող երկլեզու ուսուցումը տվել է իր նկատելի պտուղները։
Վրացերենի ուսուցման կանոնավոր դասընթացներ են անցկացված նաեւ ուսուցչական կոլեկտիվների ու խմբերի համար։ Այսօր արդեն վրացերենի՝ ազգությամբ վրացի եւ հայ որակյալ մասնագետների եռանդուն ջանքերով, երկրի հայ աշակերտը ակնհայտորեն կարող է իր մտքերը հաղորդել գրեթե անթերի վրացերենով։ Եվ դա ուրախալի է։ Պետության մշտական հոգատարության շնորհիվ, աշակերտներն ու դպրոցը ապահովված են անվճար դասագրքերով ու համակարգիչներով։ Այս ամենն իրականացվում է կրթության եւ գիտության նախարարության պատշաճ հսկողության ներքո։
Երկրի պետական լեզվին տիրապետելով միայն՝ կարելի է դառնալ նրա լիարժեք քաղաքացին եւ, ի վերջո, բազմակողմանիորեն ինտեգրվել նրա կյանքին։ Դրա ապացույցն այն է, որ հայ շրջանավարտներից շատերը մեծ սիրով ընդունվում են տարբեր վրացական ուսումնական հաստատություններ։ Այսպես, 2013-2014 ուսումնական տարվա մեր դպրոցի ինը շրջանավարտից չորսն արդեն ուսանող են Թբիլիսիի տարբեր բուհերում, սովորում են վրացական (ուրիշ չկա էլ¤ ֆակուլտետներում։
Ահա ինչու, կրթության բնագավառի արագ փոփոխությունները երկրում մանկավարժից պահանջում են ուսուցման նորույթի հապճեպ ընկալումն ու դրա իրականացումը։
2015թ. հունվարից Վրաստանի դպրոցներում կմեկնարկի «Ուսուցիչների մասնագիտական գործունեության դաշտ մտնելու եւ մասնագիտական զարգացման» տեսլականը՝ իր նորօրյա չափորոշիչներով։ Եթե մինչեւ այժմ ուսուցիչների գնահատման միակ մեթոդը հավաստագրման քննությունն էր, որի պարագայում անտեսված էր ուսուցչի պրատիկ գործունեությունը եւ դրա գնահատումը, այսուհետ, արդեն առարկայական քննությունների փոխարեն, ուսուցիչը պետք է իր դասավանդման ընթացքում վաստակի կրեդիտ-միավորներ՝ մանկավարժի որակավորմանը համապատասխանող տարակարգերով, որոնք չորսն են՝ գործող, ավագ, առաջատար եւ մեթոդիստ։ Յուրաքանչյուր տարակարգի ձեռքբերման համար, տրվում է մեկից մինչեւ երեք տարի ժամկետ։ Ուսուցիչների որակը գնահատող չափանիշը կախված կլինի վաստակած կրեդիտների քանակից, ըստ որի էլ կվարձատրվի։
Կրթական բնագավառի այս ուշագրավ նորույթը գրավել է նաեւ Ղզլքիլիսայի հանրային դպրոցի մանկավարժների եւ տնօրինության (տնօրեն՝ Է.Ղուլիկյան¤ ուշադրությունը։ Այս դպրոցը Ծալկայի շրջանի հնագույն կրթօջախներից է եւ, ինչպես միշտ, այսօր էլ շարունակում է մնալ գործող դպրոցներից մեծագույնը ե՚ւ դասասենյակներով, ե՚ւ աշակերտների քանակով։ Դպրոցի թե՚ երիտասարդ, թե՚ փորձառու մանկավարժներն շտապում են տեսականորեն խորացնել իրենց մասնագիտական վարպետությունը եւ, հավատարիմ ուսուցիչների որակի զարգացման ազգային կենտրոնի հրահանգներին, նորօրյա պատասխանատվությամբ են պլանավորում իրենց անձնական աշխատանքային ծրագրերն ու ուսումնա-դաստիարակչական աշխատանքները։
Եվ վերջում, երկու հիմնախնդրի մասին. նախ՝ դպրոցում, ցավոք, չի գործում բուֆետ-ճաշարան։ Յոթ-ութ ժամ պարապող աշակերտը, անշուշտ, դպրոցում սնվելու կարիք կունենա։ Երկրորդը՝ 35 տարվա վաղեմություն ունեցող մեր դպրոցի շենքը ոչ մի անգամ չի նորոգվել, իսկ մարզադահլիճը վերջերս վերանորոգվել է համագյուղացի անվանի բարերար, մոսկվայաբնակ Է.Արամյանի հովանավորությամբ։ Հուսանք, որ այս հիմնախնդիրները 2015թ. կլուծվեն։

ՀԱՄԼԵՏ ԹԱԶԱՅԱՆ
Մանկավարժ, Ի.Գոգեբաշվիլու մեդալակիր
գ.Ղզլքիլիսա, Ծալկայի շրջան

 
< Դեկտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31