Տարբեր միություններում գտնվելը չի խոչընդոտի Վրաստանի եւ Հայաստանի համագործակցությանը առեւտրային ու տնտեսական ոլորտներում:
Այս մասին աշխատանքային խմբի երկրորդ նիստից հետո հայտարարեց Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին: Նրա խոսքով, Վրաստանն անելու է ամեն ինչ, որ Եվրամիության հետ համագործակցության ամրապնդումը համատեղի Հայաստանի հետ համագործակցությանը: «Մենք ունենք բավականին ժամանակ, որ քննարկենք բոլոր տեխնիկական հարցերը` կապված դրա հետ: Անելու ենք ամեն ինչ, որ Վրաստանն ու Հայաստանը մնան ակտիվ առեւտրատնտեսական կապերի մեջ: Հայաստանը մեզ համար կարեւորագույն առեւտրային գործընկերներից է: Այն մտնում է Վրաստանի առեւտրային գործընկերների տասնյակի մեջ, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որ այս հարաբերությունները զարգանան»,- հայտարարեց Կվիրիկաշվիլին:
Նա նկատեց, որ պետությունները մի քանի տարի ժամանակ ունեն՝ որպես անցումային շրջան, եւ փորձելու են պահպանել այն մաքսային դրույքաչափերը, որ գործել են մինչ այժմ: «Կանենք հնարավորինս, որ մնանք այն մաքսային դրույքաչափերին, որոնք կան մեր երկրների միջեւ: Մենք ունենք հնարավորություն` քննարկումներ սկսելու առեւտրի նոր փոփոխությունները քննարկելու համար»,- հայտնեց նա: