Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ԼԵԳԵՆԴԱՐ «ՊԱՐԻ ՄԻՇԱՆ» ԿԴԱՌՆԱՐ 82 ՏԱՐԵԿԱՆ…

ԼԵԳԵՆԴԱՐ «ՊԱՐԻ ՄԻՇԱՆ» ԿԴԱՌՆԱՐ 82 ՏԱՐԵԿԱՆ…

Էլ.փոստ Տպել PDF

1994 թվականի մայիսի 15-ին, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում՝ չարագործի ձեռքով իրականացված պայթյունը, անհեթեթորեն, ընդհատեց ընդամենը 61 տարեկան Միքայել Հովսեփյանի կյանքը (1933-1994թթ.) եւ այդով՝ նաեւ նրա գեղեցիկ ու ազգանվեր գործունեությունը…

Իր ստեղծած ժողովրդական պարային խմբերով՝ Հովսեփյանը, չպարտադրված, դրանով իսկ զարմացնող նվիրվածությամբ, շուրջ 40 տարի՝ 1960-90-ականներին, Թբիլիսիում շարունակեց պարարվեստի ավանդույթների պահպանման ու տարածման գործը։ Վրաստանի վաստակավոր արտիստ Մկրտիչ Ղազարյանի՝ ժողգործիքների «Սայաթ֊Նովա» համույթի հետ, նրա պարախումբը հյուրախաղային համերգներով վաստակեց Վրաստանի, նրա սահմաններից դուրս՝ Հայաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքների՝ ժողովրդական արվեստին խոնարհվող հանդիսատեսի սերն ու ճանաչումը…
Մ.Հովսեփյանի՝ հայկական դպրոցներում գործող պարային խմբերը, հաճախ, հաջողությամբ մասնակցել են Վրաստանի եւ արտասահմանյան՝ ժողովրդական երգ ու պարի փառատոներին։ Նրանք մշտապես զարդարել են՝ վիրահայության շրջանում ամենասիրված, դպրոցական տաղանդներ հայտնաբերող, հանրահայտ «Գարունը գարնան մեջ» ստուգատես-համերգը, որը, ցավոք, գոյատեւեց մինչեւ 2000 թվականը։
Վիրահայ պարարվեստի երախտավորի հիշատակի մեծարմանն էր նվիրել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը՝ հունվարի 31-ի հուշ֊երեկոն, որը վարում էր «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լեւոն Չիդիլյանը։
Միքայել Հովսեփյանի հիշատակը մեծարելու համար եկել էին նրա երբեմնի գործընկերները, սաները, թբիլիսահայ մտավորականներ։ Երեկոյին ներկա էին Միքայել Հովսեփյանի՝ Գայանե դուստրը, հարազատները։
Հուշ-երեկոյի իմաստավորմանը օգնեց նաեւ Վրաստանի հանրային հեռուստատեսության հայկական հաղորդումների լրագրող֊խմբագիր Գոհար Մազմանյանի ձեռնարկած՝ Հովսեփյանին նվիրված տեսահոլովակը։
Երախտագիտություն եւ հասկանալի ցավ ու ափսոսանք հնչեց Հովսեփյան մարդու ու մանկավարժի՝ շրջապատում ճանաչված եւ սիրված «Պարի Միշայի» մասին, հուշեր պատմողների՝ Վիրահայոց թեմի մամլո դիվան Սուսաննա Խաչատրյանի, Վիրահայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադեւոսյանի, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետհայդրամ թատրոնի տնօրեն Լուիզա Խաչատուրովայի, թատրոնի փոխտնօրեն Ռաֆայել Գրիգորյանի, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի, Հովսեփյանի սաներ՝ Թբիլիսիի հայկական ժողովրդական «Վանք» պարային եւ «Հայարտուն» կենտրոնի՝ թմբուկահարների խմբերի ղեկավարներ Լիանա ու Ռոբերտ Կաշավանիձեների, այլոց ելույթներում եւ դստեր՝ Գայանե Հովսեփյանի շնորհակալական խոսքում։
Երեկոյի ընթացքում «Վանք» պարախումբը կատարեց Հովսեփյանի բեմադրած «Տավիղ», «Քամանչա» ու այլ պարեր։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Փետրվար 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28