Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home Մշակույթ ԻՐՄԱ ՍՈԽԱՁԵ. «ԹԲԻԼԻՍՅԱՆ ԿԱՐՈՏԸ ՄԻՇՏ ՈՒՂԵԿՑԵԼ Է ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻՆ»

ԻՐՄԱ ՍՈԽԱՁԵ. «ԹԲԻԼԻՍՅԱՆ ԿԱՐՈՏԸ ՄԻՇՏ ՈՒՂԵԿՑԵԼ Է ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻՆ»

Էլ.փոստ Տպել PDF

Այս տարի լրանում է Էլդար Ռյազանովի լայն ճանաչման արժանացած՝ «Ճակատագրի ծաղր կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի նկարահանման 40-ամյակը։ Տասնամյակներ շարունակ այս ֆիլմը չկորցրեց ոչ միայն իր գրավչությունը, այլեւ, ընդհակառակը, սիրելի ու ընդունելի դարձավ հաջորդ սերունդների համար։ Ֆիլմում նկարահանված ճանաչված դերասանների հիանալի խաղն է՚լ ավելի զարդարվեց այդ ֆիլմի համար հատուկ գրված երաժշտությամբ, երգերով, եւ քչերը գիտեն, որ այդ հիանալի երաժշտության հեղինակը Թբիլիսիում, հայկական ընտանիքում ծնված ու մեծացած երգահան Միքայել Թարիվերդիեւն (1931-1996) էր։ Միքայել Թարիվերդիեւը ծնունդով թբիլիսցի այն հայ ստեղծագործողների թվին էր պատկանում, ում համար ողջ կյանքում Վրաստանը, առանձնապես՝ Թբիլիսին, մնաց ամենահարազատ, ամենանվիրական վայրը։ Վերջերս Թբիլիսիում, վրաց ճանաչված էստրադային երգչուհի ԻՐՄԱ ՍՈԽԱՁԵԻ նախաձեռնությամբ Ա.Գրիբոյեդովի անվան պետական ակադեմիական ռուսական թատրոնում կարճ ժամանակահատվածում անցկացվեց ստեղծագործական երկու երեկո՝ նվիրված Միքայել Թարիվերդիեւին։

- Միքայել Թարիվերդիեւն իր ինքնակենսագրական՝ «Ես ուղղակի ապրում եմ» գիրքը սկսում է հետեւյալ տողերով. «Իմ մանկության կապույտ երկինքը թբիլիսյան երկինքն էր»։ Նա Թբիլիսին հիշում էր արտակարգ սիրով ու կարոտով։ «Հիշում եմ արեւելյան համեմունքների բույրով հագեցված թբիլիսյան օդը եւ Թբիլիսիի փողոցով անցնող մորս՝ Սաթոյին, որից, կարծես լույս էր ճառագում (մայրը միակ որդուն, Միքայելին բազիկ էր կոչում)։ Հիշում եմ նրա խոսքերը՝ ամոթ է լավ ապրելը, երբ կողքիդ կարիքավորներ են»։ Ակնհայտ է, որ թբիլիսյան կարոտը Թարիվերդիեւին ուղեկցում էր ողջ կյանքի ընթացքում։ Ապրում էր Թբիլիսիի Սոլոլակ թաղամասում, Ինգորողվա (նախկին՝ Ձերժինսկու¤ փողոցի վրա։ Երբեք չի մոռացել թբիլիսյան նեղ փողոցները, որտեղ շենքերի բաց պատուհաններից միշտ երաժշտություն էր հնչում։ Միշտ ասում էր, որ մեծացել եմ երաժշտության ու սիրո մթնոլորտում։ Սովորում էր հանրաճանաչ 43-րդ դպրոցում, այդ կրթօջախի հիմն էլ անգամ գրեց։ Դասերից հետո ընկերներով բարձրանում էին թբիլիսյան շենքերի տանիքներ, տղաներով կռվում էին, սակայն երբեք չէր մոռանում երաժշտության դասերին հաճախելը։ Երբեմն դրա համար տղաները ծաղրում էին՝ վախկոտ, ո՞ւր ես փախչում, իսկ նա պատասխանում էր՝ վախկոտ չեմ, սակայն պարտադիր պետք է դասի գնամ։
Թարիվերդիեւը արտակարգ կարոտով էր հիշում Թբիլիսիին, այն համարում ինտերնացիոնալ քաղաք։ Ասում էր՝ գիտեի, որ հայ եմ, սակայն դա ոչ մեկին չէր հետաքրքրում, մենք բոլորս ընկերներ էինք ու սիրում էինք իրար։ Տասնվեց տարեկան էր, երբ բալետի համար երկու մեղեդի գրեց, որոնք հետո ներկայացվեցին Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնում։
- Իսկ ովքե՞ր էին Միքայել Թարիվերդիեւի ընկերները։
- Անմիջականորեն թաղամասի տղաները։ Պլեխանովցիներից իր գրքում հիշատակում է Վոլոդյա Բուրակովսկուն (հետագայում՝ ճանաչված բժիշկ եւ հայտնի սրտաբան ակադեմիկոս¤ ու Ժենյա Պրիմակովին (նույն Եվգենի Պրիմակովին, Ռուսաստանի վարչապետ, արտաքին գործերի նախարար, ակադեմիկոսին¤։ Բուրակովսկու մասին գրում էր, որ նա «պլեխանովսկու շպանայի» ղեկավարն էր։ Թարիվերդիեւները հաճախ հանգստանում էին Պիցունդայում, ստեղծագործողների տանը, բարեկամություն անում հայտնի կոմպոզիտոր Բիձինա Կվերնաձեի հետ։ Չնայած ծանրաբեռնվածությանը, երբեք չէր հրաժարվում Թբիլիսի այցելելու հրավերից։ Մեկ անգամ նույնիսկ ընդհատեց Ֆրանսիայի Կաննում իր ուղեւորությունը եւ եկավ Պիցունդա։
- Նա Թբիլիսիի կոնսերվատորիայո՞ւմ էր սովորում։
- Ոչ, նա սովորում էր Թբիլիսիի կոնսերվատորիային առընթեր երաժշտական դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ ընդունվեց Երեւանի կոնսերվատորիա, թեպետ երկու տարի անց տեղափոխվեց Մոսկվա եւ այնտեղ ավարտեց։ Հատկանշական է, որ նման ճանաչված երգահանը մանկության տարիներին երաժշտական գործիք չուներ եւ օգտվում էր հարեւանի դաշնամուրից։ Ի վերջո, հարեւանը կտրուկ պահանջել էր Միքայելի ծնողներից՝ ձեր որդու համար դաշնամուր գնեք, արդեն հոգնեցի։ Եվ գնեցին նրա համար դաշնամուր, սկսեց մեղեդիներ գրել։ Շատ էր սիրում երաժշտություն գրել կինոնկարների համար։ «Շատ եմ սիրում թատրոնը, սակայն երբեք չեմ փորձել իրականացնել ներկայացման ձեւակերպումը։ Կինոյի համար աշխատելիս շատ ավելի ազատություն ես զգում։ Համոզված եմ, որ, եթե Մոցարտը ողջ լիներ, նա էլ անպայման կինոյի համար կաշխատեր»,- գրում էր նա։
- Ինչպե՞ս ձեւավորվեց Էլդար Ռյազանովի եւ Միքայել Թարիվերդիեւի գործընկերությունը։ Ի՞նչ պայմաններում գրվեց «Ճակատագրի ծաղր կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի երաժշտությունը։
- Նրանք ծանոթացան Մոսկվայում, բարեկամացան։ Այն ժամանակ Թարիվերդիեւը բարեկամական հարաբերություններ ուներ կոլորիտային անձնավորությունների հետ, ճանաչում էր Վլադիմիր Մայակովսկու մտերիմ ընկերուհուն՝ Լիլի Բրիկին, լինում էր նրա տանը, որտեղ անց էին կացվում ստեղծագործական երեկոներ։ Ինչ վերաբերում է «Ճակատագրի ծաղր կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի երաժշտությանը, ապա ռեժիսոր Էլդար Ռյազանովը եւ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւն անցկացրին բավականին լուրջ փորձարկում՝ կատակերգական, զվարճալի ֆիլմը զուգորդեցին հանրաճանաչ բանաստեղծներ Մարինա Ցվետաեւայի, Բելլա Ախմադուլինայի, Եվգենի Եվտուշենկոյի լուրջ պոեզիայով։ Ռյազանովը գրում էր, որ զգուշանում էր, քանզի առկա էր հանդիսատեսի կողմից ֆիլմը չընկալելու վտանգը։ Սակայն մտահղացումն իրեն չարդարացրեց, հիանալի ֆիլմ ստացվեց, հիանալի երաժշտություն գրվեց, բոլոր երգերը հատուկ այս ֆիլմի համար գրվեցին։ Առաջին հայացքից բոլոր երգերը հեշտությամբ կատարվեցին, սակայն դրանցից յուրաքանչյուրի համար պահանջվեց 40-ական դուբլ։ Առանձնապես ձգձգվեց Ալլա Պուգաչովայի կողմից «Мне нравится, что вы больны не мною.» երգի գրանցումը։ Թարիվերդիեւը միշտ դիտողություն էր անում Ալլային։ Կինոնկարի նկարահանումն ավարտելուց հետո կայացած ճաշկերույթին, Ալլան մոտեցել է Թարիվերդիեւին եւ ասել. «Микаел Левонович «Мне нравится, что вы больны не мною»։ Հատկանշական է, որ Պուգաչովան եւ Թարիվերդիեւն այնպես էլ չբարեկամացան։
- Իսկ Թբիլիսիի մասին երգեր չի՞ գրել։
- Ստեղծագործական մի երեկոյի ժամանակ Թարիվերդիեւն ասաց, որ շատ է ցանկանում Թբիլիսիի մասին երաժշտություն գրել եւ դրանով իսկ անակնկալ մատուցել կնոջը՝ Վերա Թարիվերդիեւային։ Եվ, ահա, «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի համար գրված, հեռավոր հայրենիքի նկատմամբ տածած կարոտի զգացումով լի «И прошу хоть ненадолго» երգը նվիրված է հենց Թբիլիսիին։ Համաձայնվեք, որ այդ ֆիլմի համար գրված երաժշտությունը եւ բոլոր երգերը, իրոք, գլուխգործոց են։
- Թարիվերդիեւայի ազգականներից ովքե՞ր են ապրում Թբիլիսիում։
- Նրա ընտանիքի անդամներից ոչ ոք։ Կինը ապրում է Մոսկվայում։ Գրիբոյեդովի անվան թատրոնի ղեկավարության խնդրանքով երկու անգամ անցկացրեցին Թարիվերդիեւին նվիրված ստեղծագործական երեկո։ Կնոջն էլ հրավեր ուղարկեցին, շատ ուրախացավ, որ Միքայելի երաժշտությունը այդպես սիրված է հարազատ քաղաքում։
Միքայել Թարիվերդիեւը վախճանվեց 1996 թվականին, կաթվածից, երբ հանգստանում էր Սոչիում։ Չէր սիրում ետ նայել, գրում էր, որ չի կարող իմիջիայլոց ապրել։ Առանձնապես սիրում էր դահուկներով սահել ջրի վրա, ընդհանրապես ջրի տարերքն ու ծովը նրա կյանքում յուրահատուկ տեղ էին գրավում։ Իր ստեղծագործության մասին գրում էր, որ դրանք հագեցված են ձգտումով ու զգացումով, ապագա սերունդներն այն ավելի կգնահատեն, քանի որ անհնարին է ապրել առանց զգացումների։ Որտեղից իմանար, որ հաջորդ սերունդը կլիներ շատ ավելի խիստ, չոր ու զուրկ զգայականությունից, թեպետ Թարիվերդիեւի երաժշտությունը հավերժական է, որը սպասում է իրական ունկնդրի եւ գնահատողի։ Դրանք այնպես զգայական են, ինչպես ինքը կանխագուշակել էր։

ՔԵԹԵՎԱՆ ԽԱՄԻՑԱՇՎԻԼԻ

Հ.Գ. Ահա Ինգորողվա փողոցի թիվ 14 տունը, որտեղ ծնվել եւ մեծացել է հանրաճանաչ երգահանը։ Անցյալ տարի շենքի ճակատի վերանորոգման ժամանակ տան պատից հանեցին հուշատախտակներ, որոնք անցնողներին տեղեկացնում էին, որ այս տանը ապրել են կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւն ու ակադեմիկոս Դավիթ Գամղրելիձեն։ Վերանորոգումից հետո հուշատախտակները, մինչ օրս տեղադրված չեն։
«Վրաստան» թերթը այս համարն ուղարկում է Թբիլիսիի քաղաքապետարան, որպեսզի Մ.Թարիվերդիեւի ու Դ.Գամղրելիձեի հուշատախտակները վերադարձվեն իրենց նախկին տեղերը։

 
< Փետրվար 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28