(14 ապրիլի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» N 257) - Օսմանների երազանքը: Երիտթուրքերի «Տանին» թերթը գրում է. «Օսմանյան կայսրությունը դուրս չի գա պատերազմից, մինչեւ Ռուսաստանը չթուլանա, եւ թուրք-ռուսական սահմանը չանցնի Կովկասյան լեռնաշղթայով»:
(11 հունիսի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» N 304) - Ստամբուլից եկածները պատմում են, որ այնտեղ իրավիճակը սրվում է, օրեցօր դառնում ճգնաժամային: Կախել են 23 հայի. որոնց վերջերս էին բռնել, նրանց մեջ է Խորհրդարանի պատգամավոր Զոհրաբ բեյը:
Ստամբուլում շարունակվում են հայերի հետապնդումները: Առանց որեւէ պատճառի ձերբակալել եւ մահվան են դատապարտել 20 հայ տղամարդու եւ 3 հայ կնոջ:
(23 հուլիսի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» N 339) - Հուլիսի 20: Ստամբուլում հայերի հետապնդումները ստացել էին սիստեմատիկ բնույթ: Աքսորը, պատիժը, ձերբակալությունը դարձել էին սովորական երեւույթներ: Հայերի մեծամասնությանը բռնի ուժով ստիպում էին ընդունել իսլամը:
(29 հուլիսի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» N 344) - Հինգ օր շարունակ քրդերը կոտորում էին հայերի: Սպանվել է 10.000 հայ: Կոտորելու պատճառ էին բերում այն լուրերը, թե իբր հայերը պատրաստվում են հեղափոխություն իրականացնել Օսմանյան իշխանության դեմ: Սպանվածների դիակները գցում էին Եփրատ եւ Տիգրիս գետերը: Ստամբուլում վերջին 7 օրվա ընթացքում կախաղան են բարձրացրել 7 հայ գործիչների:
(8 օգոստոսի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» N 352) - Մարդը պետք է նմանվի վայրի կենդանու, որպեսզի փակի աչքերն ու ականջներն այն ահավոր դեպքերի վրա, ինչ տեղի էին ունենում: Իմ գրիչը թույլ է, որպեսզի կարողանա փոխանցել այն ողբն ու սրտի ցավերը, որոնք ես տեսա հուլիսի 11-ին Վանում։
Հուլիսի 11-ին ռուսական զինվորները նահանջեցին Մուշ-Մալազկերտ-Բիթլիսից, եւ նրանց հետեւեցին հայերը: Միայն Վանի վիլայեթից՝ 200.000 հայից ոչ պակաս: Գնում է ժողովուրդը ոտաբոբիկ, սոված, շոգից հյուծված, չորացած բերանով, եւ ամբողջ ճանապարհը Վանից մինչեւ Իգդիր լցված էր խեղճ, սոված, տանջված ժողովրդով: Դուք երբեւէ լսել եք, որ սովորական անցորդը 6 վերստի ընթացքում վերցնի 2 կնոջ` հենց նոր ծննդաբերած երեխաներով: Շատ մեռած երեխաների հանդիպեցի, շատ ողջ ու լքված երեխաների: Միայն նա, ով գրում է այս տողերը, ունի 6-7 վերցրած երեխա: Երեխաներից մեկի ծնողները հայտնվեցին: Մնացածը մնացին ինձ մոտ: Բոլորն աղջիկներ էին: Երեւի տղաներին ավելի հազվադեպ էին թողնում ճանապարհներին: Բանակն օգնում էր նրանց հնարավորինս: Չէիք տեսնի որեւէ զինվորի, որի ուսերին նստած չլիներ գոնե մեկ երեխա: Բայց ո՞վ կարող է փրկել, կերակրել ու հոգատարության տակ առնել 200.000 մարդ: Այդ պատճառով էլ շատերը մահանում էին ճանապարհին:
(10 օգոստոսի, 1915թ. թերթ «Սաքարթվելո» N 65) - Օսմանների երկրում կրկնվեց 1894-1896 թթ. հայերի կոտորածը: Բիթլիսում սպանվել եւ Տիգրիս գետն է նետվել 9000 հայ: 40.000-ը սպանվել է Կիլիկիայում: Որոշ շրջաններում բնակչությունն ամբողջությամբ աքսորվել է անապատները: Այդ ամենը կատարվում էր ըստ երիտթուրքերի դիվանագիտության: Խալիֆա Գաջի-Գիլեշի, որը մուսուլմանների պաշտպանն էր, երկրորդ հրամանի համաձայն, Օսմանյան կայսրությունը պետք է զտվեր հայերից:
(18 դեկտեմբերի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» N 459) - Ինչպես գրում էր «Հորիզոնը», «Man Guardian» թերթում տպագրել են հոդված Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դրության մասին: Հոդվածում ամբողջ օսմանյան տարածաշրջանում հայերի ոչնչացումն ապացուցող փաստեր են բերվում: Թերթը գրում է, որ գերմանացիները օսմաններին ոգեշնչողներն են, եւ չնայած իրենք չեն մասնակցում հայերի կոտորածին, բայց նրանց մեղքը շատ զգալի է:
Մենք պետք է դատապարտենք գերմանացիներին, որ նրանք թույլտվություն են տվել օսմաններին ոչնչացնելու հնագույն մշակույթի տեր մի ամբողջ ազգի: Օսմանները ոչնչացնում են հայերին, որովհետեւ ատում են նրանց սերը դեպի հավատքը, նրանց խելքն ու տաղանդը:
Ոմանք կարող են մեզ պատասխանել, որ գերմանացիներն այդքան մեծ ազդեցություն չունեն օսմանների վրա: Գուցե, նման կարծիքն անհիմն չէ, բայց հարցն այն է, թե արդյոք Գերմանիան փորձե՞ց որեւէ կերպ խանգարել օսմաններին հայերին ոչնչացնելու եւ կոտորելու մեջ: Ո՚չ: Միակ բանը, որ մենք հիմա կարող ենք անել, դա արտերկրում տարածելն է ազգի ոչնչացման փաստի մասին սարսափելի լուրը, որպեսզի օգնենք հայերին փրկելու գոնե նրանց, ովքեր կարողացել են վերապրել, որ գոնե նրանք փրկվեն:
(3 հունվարի, 1916թ. թերթ «Սաքարթվելո» N 2) - Անցյալ տարվա ընթացքում հայ ժողովուրդն ապրեց մեծ դժբախտություն: Օսմանյան Հայաստանում ապրողներից սպանվեց 800.000 հայ: Մի մասն էլ փրկեց իր կյանքը՝ փախչելով Կովկաս: Անցյալ տարում հայերի կոտորածի մասին էին խոսում ամբողջ Անգլիան, Ամերիկան եւ բազում այլ մանր երկրներ: Անգլիայում նույնիսկ փրկվածների համար սկսել են նվիրատվություն հավաքել:
Պատրաստեց ՍԻՄՈՆ ԿԻԼԱՁԵՆ