Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԹԱՄԱՄ ԱՇԽԱՐՀ…» ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

Էլ.փոստ Տպել PDF

Օրերս մայրաքաղաքի Ազատության հրապարակում գտնվող «Divan» ակումբում կայացավ Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ…» երգի տեսահոլովակի շնորհանդես՝ Նինա Կարապետյանի կատարմամբ: 25-ամյա թբիլիսցի երգչուհին արվեստի իր կենսուղու մեջ առաջին նշանավոր իրադարձությունն է գրանցում: Ուրախ ենք նաեւ մենք, որովհետեւ մեր օրերի երիտասարդ հայ կատարողների շրջանում, ովքեր ծնվել, մեծացել, ձեւավորվել ու որպես անհատներ շարունակում են ստեղծագործել Թբիլիսիում, տեսահոլովակը թերեւս առաջինն է: Ուստի գնահատանքով ու խրախուսանքով մոտենալով այս ծնունդին ու համարելով այն խթան ու սկիզբ հաջորդողների համար, մենք նույնպես շնորհավորում ենք Նինային, մաղթելով նրան արժեքավոր ու գեղեցիկ կատարումների վաստակ:

Շնորհանդեսից անմիջապես հետո, մեզ հետ կիսելով տպավորությունները, Նինան տեսահոլովակի ծնունդը համեմատեց հայտնի մի ասույթի հետ՝ գիշերվան հաջորդում է առավոտը: Պարզվում է, ուրախալի այս նախաձեռնությանը նույնպես նախորդել էր փոքր-ինչ հիասթափությունը…
-  2013 թվականին Երեւանում «Հայաստանի Ձայն» նախագծի ընտրափուլի մասնակիցներից մեկն էի: Ցավոք, չհատեցի «Կույր լսումների» սահմանը,- խոստովանում է Նինան: - Կատարեցի Լառա Ֆաբիանի «Je t’aime» երգը: Ժյուրին գնահատեց այն որպես գեղեցիկ ու կայուն կատարում, բայց… չընտրեց: Այդուհանդերձ, հայաստանյան «Արմենիա» հեռուստաընկերությունը ցուցադրեց իմ կատարումը: Սրան հաջորդեց տեսահոլովակի նկարահանման առաջարկը, ինչը, բնականաբար, պիտի ոչ միայն մխիթարեր, այլ նոր հորիզոններ բացեր իմ առջեւ: Նվերն իսկապես անսպասելի ու շատ երջանիկ անակնկալ էր: Շնորհակալ եմ անխտիր բոլորին:
Տեսահոլովակի ռեժիսոր Րաֆֆի Ղազարյանն առաջարկեց ընտրել հենց Սայաթ-Նովայի խաղերից մեկը, ու նոր մեկնաբանությամբ արդեն, նվիրել այն հանճարեղ աշուղ-բանաստեղծի 300-ամյակին: «Թամամ աշխարհ…»-ը նկարահանվեց (ֆոտո-օպերատոր՝ Տաթեւիկ Զարգարյան, գործիքավորող՝ Արտեմ Սարգսյան) Թբիլիսիում ու, մասամբ Երեւանում: Հին ու նոր ոճերի համադրմամբ ընթացող հոլովակի սյուժեն ունի երեք հերոս՝ անվանի քամանչահար Հակոբ Խալաթյանը (Երեւան)՝ Սայաթ-Նովայի, Գվանցա Ախվլեդիանին (Թբիլիսի)՝ Աննայի դերում եւ աշուղի սիրո պատմությունը նորեն պատմող երգչուհին՝ Նինան: 
- Մինչ թբիլիսյան շնորհանդեսը,- ասում է Նինան,- մենք ներկայացանք Երեւանի Dep Music Pub-ում, ուր ներկա գտնվեցին անվանի երաժիշտներ: Մի փոքր հուզված էի, թեեւ արձագանքն ու մթնոլորտը դրական ու խրախուսող էին: Իսկ այսօր, թբիլիսյան «Divan»-ում, ես ինձ շատ ավելի անկաշկանդ եմ զգում, որովհետեւ կողքիս բոլոր նրանք են, ովքեր մանկուց հետեւում են իմ աճին ու զարգացմանը երգարվեստում:
Նինան երգում է դեռ մանկուց, մասնակցում տեղի ու Հայաստանում անցկացվող փառատոների, համերգների: Նրա առաջին քայլերը երաժշտական կրթություն ունեցող մայրն է գնահատել, ով հետեւելով դստեր հաջողություններին, անվարան բերել է նրան երաժշտության աշխարհ՝ ուսումնառության տալով Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան երաժշտական գիմնազիա, դաշնամուրի բաժին՝ Վրաստանի վաստակավոր ուսուցչուհի Ալլա Չխիկվաձեի դասարան: Ուսմանը զուգահեռ, 10-ամյա Նինան երգել է նաեւ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու երգչախմբում, իսկ այսօր «Հայարտան» նախաձեռնությամբ կազմակերպվող գրեթե բոլոր համերգներին նա ներկայանում է իր գեղեցիկ կատարումներով։
- Ես ուրախ եմ, որ վրացական միջավայրում եմ հասունանում,- երախտագիտությամբ ասում է Նինան,- որովհետեւ վրաց ժողովուրդը մշակութային հարուստ ու առանձնահատուկ պատմություն ունի, եւ միայն իրեն հատուկ ձեռագրով է տեսանելի դառնում յուրաքանչյուր երկրում: Ուստի դպրոցն ավարտելուց հետո, շարունակեցի ուսումս երաժշտական հենց նույն գիմնազիայում (Ավթո Ռեւիշվիլու դասարան), որ վերակազմավորվել էր արդեն որպես ուսումնարան: Իսկ այժմ սովորում եմ Եվգենի Միքելաձեի անվան երաժշտական ուսումնարանում, վոկալ բաժնի նախապատրաստական կուրսում, պրոֆեսոր Լամարա Գոգլիչիձեի դասարանում:
 Օժտված լինելով ձայնի լիրիկական սոպրանո տեմբրով, Նինան փորձում է իրեն տարբեր ոճերում: Երգում է ինչպես ռոք, ջազ ու փոփ, այնպես էլ ժողովրդական, իսկ մոտ ժամանակներում որպես անակնկալ նախատեսում է ներկայանալ դասական ժանրում եւս: 
… Այս ամենի հետ մեկտեղ Նինան ու նրա ամուսինը՝ Արթուրը, հրաշալի զույգ են: Հաճելի է տեսնել, թե ինչպես է Արթուրը ոգեւորում, սատարում ու աջակցում երիտասարդ իր կնոջը, դրանով ամրացնում ու արժեքավոր դարձնում շնորհալի երգչուհու ազատ ճախրանքը երգի դյութող աշխարհում:

ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

 
< Ապրիլ 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30