ՈՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Շաբաթ՝ հուլիսի 19-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում, տեղի ունեցավ ոչ հաճելի միջադեպ։
Կեսօրին եկեղեցու հարակից տարածքի ավտոմեքենաների կայանատեղում վիճաբանություն է ծագել մի կնոջ ու նրա ծանոթների եւ եկեղեցու հոգեւորականի ու թեմի Առաջնորդարանի աշխատակիցների միջեւ: Արդեն երեկոյան, ըստ Վիրահայոց թեմի տարածած հայտարարության, «նույն խումբը, հավաքագրելով մոտ 30-40 հոգի, ընդհարվել է եկեղեցու առջեւ կանգնած հոգեւորականների ու Առաջնորդարանի աշխատակիցների հետ…»:Տեղի ունեցածի կապակցությամբ, Վիրահայոց թեմի Առաջնորդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներքին կայունությունը, այս երկրում բազմադարյա միջազգային ու միջկրոնական հարաբերությունները եւ կոչ ենք անում Վրաստանի իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար գնահատել տվյալ գործողություններն ու հետաքննել դրանք…»:
Տեղի ունեցածը նկարահանվել է «Հայարտան» դիտարկող տեսախցիկներով: Այս պահի դրությամբ, հարուցվել է քրեական գործ, եւ ընթանում է քննություն:
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Միջադեպի հաջորդ օրը, կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հատուկ անդրադարձավ տեղի ունեցածին եւ ՆԳ նախարարից պահանջեց իրականացնել համապատասխան հետաքննություն եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Վարչապետի խոսքերով, ինքն անձամբ կվերահեսկի հետաքննության ընթացքը։
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում այն կարծիքին են, որ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը միջէթնիկական բնույթ չէր կրում:
«Միջադեպը միջէթնիկական բնույթ չէր կրում: Դիմակայությունը տեղի է ունեցել փողոցում, ավտոմեքենայի կայանման պատճառով: Հետաքննությունը վարում են 125-րդ հոդվածով (հարվածներ հասցնելը)»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում հուլիսի 19֊ին տեղի ունեցած միջադեպը հուլիսի 23-ին քննարկման թեմա դարձավ Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեում։ Պատգամավորները դատապարտեցին տեղի ունեցածն ու բոլորին կոչ արեցին մինչեւ հանգամանքների պարզաբանումը խուսափել մեկնաբանություններից։ Կոմիտեի նիստում վերոնշյալ հարցը բարձրացրել էր Ախալքալաքիի շրջանից մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը։ Հարցի պարզաբանումներով, ելույթ ունեցավ մարդու իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ռուսլան Պողոսյանը։ Նա, մինչ այդ, անմիջականորեն տեղում հանդիպել եւ զրուցել էր միջադեպի ականատեսների հետ։
«ԳՈՐԾԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՎԻ»
Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին մեկնաբանել է հուլիսի 19-ին Թբիլիսիի Հավլաբար թաղամասի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը եւ պահանջել փոխել գործի որակումը։
«Այդ գործը պետք է վերաորակավորվի: ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (ծեծի ենթարկելը): Թեեւ, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների կողմից անցկացված հարցումներից ու միջադեպը ներկայացնող տեսանյութի ուսումնասիրումից հետո, հաստատվում է, թե հնարավոր է՝ տեղի ունեցածը խուլիգանություն է, խմբային բռնության կազմակերպում, առողջությանը վնասում»,- հայտարարել է Վրաստանի ժողովրդական պաշտպանը:
ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ԱՅԴ ՀԱՐՑՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ»
Արձագանքելով տեղի ունեցածին՝ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը ասաց. «Մենք գիտենք, թե ինչ է պատահել, ինչից է սկսվել այդ վիճաբանությունը, սակայն այս պահին բարձրաձայնել, թե դիտավորյալ բան է տեղի ունեցել, չենք կարող ասել: Խուլիգանության մասին նույնպես ոչինչ չենք կարող ասել, իրավապահ մարմիններն են զբաղվում»:
ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, Վրաց Պատրիարքարանը հանդես եկավ հայտարարությամբ.
«Հուլիսի 22-ին Վրաց Ուղղափառ Սուրբ եկեղեցու Պատրիարքարանում կայացավ հանդիպում Պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, Զուգդիդիի ու Ցաիշիի միտրոպոլիտ Գերասիմի եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջեւ։
Հանդիպմանը քննարկեցին հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը։ Կողմերը նշեցին, որ կենցաղային հողի վրա ծագած միջադեպը չի կրում կրոնական եւ էթնիկ բնույթ, ինչի հետ լրիվությամբ համաձայն են իրավապաշտպան ոչ կառավարական գրեթե բոլոր կազմակերպությունները։ Թեպետ կան նաեւ բացառություններ, որոնք հանդես են գալիս չհիմնավորված ու անպատասխանատու հայտարարություններով, եւ դա ափսոսանք է առաջացնում։
Վրաց Ուղղափառ Սուրբ եկեղեցին դատապարտում է հուլիսի 19-ին տեղի ունեցած միջադեպը եւ դիմակայության մասնակից կողմերին խաղաղության ու հանգստության կոչ անում։ Միաժամանակ այն, ինչպես միշտ, փորձում է նպաստել հիմնախնդրի կարգավորման եւ կրոնական տարբեր ուղղությունների ներկայացուցիչների խաղաղ գոյակցությանը»,- ասված է Պատրիարքարանի հայտարարության մեջ։
Հանդիպման մասնակիցները կարեւորեցին վրաց եւ հայ միջեկեղեցական հարաբերությունները եւ դարերով ձեւավորված բարեկամությունը:
Հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ իրավապահ մարմինները կգտնեն միջադեպի կազմակերպիչներին ու մեղավորներին կպատժեն՝ Վրաստանում ժողովուրդների միջեւ ցանկացած պառակտում կանխելու նպատակով:
Տեղի ունեցածի վերաբերյալ բազում արձագանքներում, Վրաստանում եւ Հայաստանում համոզմունք են հայտնում, որ կենցաղային բնույթի վիճաբանությանը, որը կարող է ծագել ամեն քայլափոխի, չպետք է տալ քաղաքական ենթատեքստ՝ դրանով իսկ իսկապես վտանգի ենթարկելով հայ-վրացական հարաբերությունները, ջուր լցնելով դրանով հետաքրքրված ուժերի ջրաղացին: Իսկ որ նմանները շատ են ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ երկրից դուրս, անտարակուսելի է։