Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՕԹԱՐ ԴԱՆԵԼԻԱ. «ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻՑ»

Էլ.փոստ Տպել PDF

ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՎԵՑԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Դեկտեմբերի 1-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան հանրագումարեց իր գլխավորած գերատեսչության երկու տարվա աշխատանքների արդյունքները։ «Վրաստանի կառավարությունը՝ բաց կառավարման համար» նախագծի շնորհանդեսի շրջանակներում անցկացված միջոցառմանը, ներկա էին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին, ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, պաշտոնական այլ անձինք։

«2013-2014 թվականներն աչքի ընկան բոլոր ուղղություններով փաստացի աճի միտումով։ Առանձնակի կընդգծեի հաջող անցկացված խաղողաքաղը, ագրոապահովագրության նախագիծը, սուբսիդավորման նախագիծը, ինստիտուցիոնալ զարգացումը։ Կարեւոր նշանակություն ունի, որ այդ գործընթացը շարունակվի 2015 թվականին։ Մենք մշակում ենք նոր ռազմավարություն, որը նախատեսում է մինչեւ 2020 թվականը նախարարության կողմից իրականացվելիք միջոցառումները»,- նշեց Օթար Դանելիան եւ հավելեց, որ վերջին երկու տարիների ընթացքում գյուղատնտեսության զարգացման համար ծախսվել է շուրջ 900 միլիոն լարի։ Ինչպես նշեց գյուղատնտեսության նախարարը, 23-ամյա անկումից հետո տնտեսության այս ճյուղը սկսել է ընթանալ զարգացման ուղիով եւ գյուղացիներին տրվեց տնտեսություններն ընդլայնելու, մշակված հողերի տարածքները մեծացնելու ազդակ։
«Գյուղերում ծագեց այն բանի գիտակցումը, որ պետությունն իրականում քայլեր է ձեռնարկում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, նախարարության կողմից իրականացվող բոլոր նախագծերն ուղղված են ֆերմերների, գյուղատնտեսության ոլորտում զբաղված գործարարների առավել աջակցության ցուցադրմանը։ Ոլորտը աստիճանաբար նախապատրաստվեց՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրումների համար»,- հայտարարեց Օթար Դանելիան՝ հավելով, որ գերատեսչությունն ակտիվ աշխատանք է ծավալել գյուղատնտեսական մթերքների որակի, պիտանիության ապահովման եւ արտահանման շուկաների մեծացման ուղղությամբ։
Մասնավորապես, նախարարի տեղեկատվությամբ, սակավահող ֆերմերներին գարնանային աշխատանքների իրականացման գործում աջակցության շրջանակներում, 2013 թվականին, ընդհանուր առմամբ, 710 385 ֆերմեր ստացավ 195 միլիոն լարիի օգնություն։ 2014 թվականին նախագծից օգտվողների թիվը հասցվեց 754 145-ի, իսկ այդ ուղղությամբ ծախսված գումարը ծախսվեց 82 564 768 լարի։ 627 300 ֆերմեր, ագրովարկի շրջանակներում, ստացավ 51 896 636 լարիի գյուղատնտեսական արտադրանքի աջակցություն։
Անդրադառնալով «Արտոնյալ ագրովարկ» նախագծին, նախարարը նշեց, որ դրա շրջանակներում, ներկա դրությամբ, տրվել է 645 միլիոն լարիի ընդհանուր գումարի 24 494 վարկ։ 2013 թվականի մարտի 27-ից մեկնարկած արտոնյալ ագրովարկ նախագծում ընդգրկված է 13 բանկ, երկու միկրոֆինանսական կազմակերպություն եւ երկու լինզինգային ընկերություն։
Գյուղատնտեսական գործունեությունը էժան ու մատչելի դրամական ռեսուրսներով ապահովելուն ուղղված վերոնշյալ նախագծի շրջանակներում, գործնականում երկրի բոլոր տարածաշրջաններում բացվել է 89 նոր արտադրություն, իսկ 580 ընդլայնվել ու նորացվել է։ Նախագծի շրջանակներում ֆինանսավորում է ստացել գյուղատնտեսության ավելի քան 30 ոլորտ։
Նախարարի խոսքերով, իշխանությունն առանձնակի ուշադրություն է հատկացնում գյուղմթերքների վերամշակման արտադրություններին։ Նման ձեռնարկությունների աջակցության նպատակով, կիրարկված նախագծի շրջանակներում հաստատվել է 16 նախագիծ, որոնց իրականացման համար ծրագրված է ծախսել 12 միլիոն դոլար։
Նախարարության երկամյա աշխատանքի արդյունքների հանրագումարմանը, Օթար Դանելիան անդրադարձավ նաեւ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից կիրարկվող ագրոապահովագրության պիլոտային նախագծին։ Այն նախատեսում է պետության կողմից ապահովագրական գումարի 95 տոկոսանոց ֆինանսավորում։ Վրաստանի մասշտաբով արդեն բաժանվել է 18793 ապահովագրական պոլիս, որի ապահովման համար պետությունը հատկացրել է ավելի քան 10 միլիոն լարի։
Եթե ելնենք կոնկրետ գյուղմթերքների հաշվարկումից, ապա նոյեմբերի 28-ի դրությամբ, խնձորի իրացմանն աջակցող նախագծի շրջանակներում վերամշակման արտադրամասերը ֆերմերներից գնել են ավելի քան 42114 տոննա խնձոր։ Աջակցության գումարը կազմել է 3223 հազար լարի։ 2013-2014 թվականներին գործում էր նաեւ ցիտրուսների վերամշակման ֆինանսավորման նախագիծը։
Ինչ վերաբերում է ոռոգման համակարգերի վերականգնմանը, որը նախարարության համար առաջնահերթային ուղղություն է, ապա նախարարի հավաստմամբ, ապահովվել է 88 հազար հեկտար հողատարածքի ոռոգումը, աշխատանքներ են տարվում եւս 25 հազարի վրա։
Ներկայացված հաշվետվության մեջ գյուղատնտեսության նախարարն առանձնակի ուշադրություն հատկացրեց մթերքի պիտանիության հարցի վրա, նշելով, որ հանրային իրավունքի իրավաբանական անձ պարենի ազգային գործակալությունն ակտիվ գործունեություն է ծավալել պարենամթերքի վրա պետական վերահսկողության խստացման ուղղությամբ։ Մասնավորապես, եռակի ավելացվել է տեսուչների թիվը։ Վերջին երեք տարիների ընթացքում վերամշակման արտադրություններում բացահայտված խախտումների համար սահմանված տուգանքներն ավելացել են յոթ անգամ։ Նախարարի խոսքերով, 2016 թվականից գերատեսչության տրամադրության տակ կլինի նոր լաբորատորիա, որը թույլ կտա բոլոր գյուղմթերքները ստուգել եվրոպական չափորոշիչներին համապատասխան։ Նախարարությանն առընթեր ստեղծվում է նաեւ ոլորտի գիտահետազոտական կենտրոն։
Ինչպես նշեց Օթար Դանելիան, գյուղատնտեսության նախարարությունում կհիմնվի գյուղատնտեսական մթերքների գների մոնիտորինգի կատարելագործված համակարգ։ Նախարարի խոսքերով, համապատասխան հուշագիրն արդեն ստորագրվել է գյուղատնտեսության նախարարության ու ISET հետազոտական ինստիտուտի միջեւ։ «Նախարարությունը հետազոտական ինստիտուտի հետ միասին կմշակի գյուղատնտեսական արտադրանքի գնի տվյալների մեթոդոլոգիան, կիրականացվի նախարարության ծրագրերին համապատասխան գնի կարգավորման մոնիտորինգը։
Օթար Դանելիայի համոզմամբ, գյուղատնտեսության ոլորտում իրականացված միջոցառումներն արդեն 2015 թվականին ազդեցություն կգործեն բնակչության բարեկեցության վրա։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ՝ 376 ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

2014 թվականի ընթացքում, Վրաստանում կոոպերատիվի կարգավիճակ է շնորհվել 376 գյուղատնտեսական միավորումների, որոնք միավորում են 2956 փայատերերի։ Վերոնշյալ կոոպերատիվներից 99-ը գտնվում են երկրի բարձրալեռ շրջաններում։
Գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, կոոպերատիվներին փոխանցվել է 169 կոմպլեկտ մոտոբլոկներ եւ 117 տնկիչներ։
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերին որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործակալությունը գյուղատնտեսական միավորումների կոոպերատիվի կարգավիճակի շնորհման գործընթացը սկսեց 2014 թվականի հունվարի 27-ից։ Լեռնային շրջաններում կոոպերատիվի ստեղծման համար անհրաժեշտ էր երեք ֆերմերի միավորում, ցածրավայրերում այդ թիվը հասցված էր 5-ի։
«Գյուղատնտեսական կոոպերատիվ կարգավիճակի ստացման համար, շահագրգռված անձինք պետք է դիմեն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործակալությանը եւ ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը։ Այն է՝ լիազորությունները հաստատող փաստաթուղթը, գյուղատնտեսական կոոպերատիվի կանոնադրությունը։ Գործակալությունը մշակել է կանոնադրության ձեւաթուղթը, ինչը դյուրացնում է ֆերմերների համար կարգավիճակի ստացումը եւ օգնում արդյունավետ աշխատանքի կազմավորմանը»,- հայտարարեցին գյուղատնտեսության նախարարությունում։
Օրենքի համաձայն, գյուղատնտեսական կոոպերատիվի կարգավիճակ ունեցող իրավաբանական անձինք կարող են օգտվել հարկային եւ այլ արտոնություններից, այդ թվում՝՝ պետական ծրագրերից։ Կոոպերատիվներում ֆերմերների եւ գյուղատնտեսական արտադրությունների միավորումը կամավոր է։

 
< Դեկտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31