Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՆՈԴԱՐ ԽԱԴՈՒՐԻ. «ԲՅՈՒՋԵԻ ՃԻՇՏ ԲԱՇԽՈՒՄԸ ՆՐԱՆ ՏՎԵՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ»

Էլ.փոստ Տպել PDF

Բյուջետային միջոցների ճիշտ բաշխման, այդ թվում՝ վարչարարական ծախսերի կրճատման հիման վրա 2013-2014 թվականների պետական բյուջեները, ի տարբերություն նախորդ տարիների, արմատականորեն փոխվեցին եւ ձեռք բերեցին սոցիալական կողմնորոշում։ Այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտարարեց Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, հանրագումարելով գերատեսչության երկու տարվա աշխատանքի արդյունքները։

Նախարարի խոսքերով, բյուջետային միջոցները լրիվությամբ ուղղված էին կառավարական ծրագրով եւ «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական ծրագրով նախատեսված առաջնահերթությունների ֆինանսավորմանը։ Նա նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում նախարարությունը կարեւոր քայլեր է իրականացրել բնակչության սոցիալական աջակցության ուղղությամբ։ Մասնավորապես, տարիքային բոլոր կատեգորիաների կենսաթոշակառուների եւ բացահայտ սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց կենսաթոշակը հասցվել է 150 լարիի, իսկ մյուս բոլոր կատեգորիաների կենսաթոշակառուների կենսաթոշակը՝ 100 լարիի։ Մինչեւ 2005 թվականը՝ ուժային կառույցներից հեռացված անձանց կենսաթոշակը սահմանվել է ելնելով նրանց ծառայության ժամկետից ու վաստակից։
Վրաստանի ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքերով, հաշվետու ժամանակահատվածում կրկնապատկվել է սոցիալապես անպաշտպան բնակչությանը ցուցաբերվող օգնությունը։ Սոցիալապես անպաշտպան ընտանիքի մի անդամի համար նախկին 30 լարիի փոխարեն, տրվում է 60 լարիի նպաստ, իսկ մյուս անդամների համար ընդհանուր 24-ի փոխարեն՝ 48 լարի։ Մինչեւ 45 լարիի է հասցվել փախստականների եւ բռնագաղթված անձանց նպաստը։
Նոդար Խադուրին նշեց, որ բոլոր քաղաքացիների համար բժշկական սպասարկումը դարձել է մատչելի։ Այդ ծառայության ֆինանսավորումն ավելացվել է 300 միլիոն լարիով։
«Ավելացել է ուսուցիչների աշխատավարձը, տասնյակ միլիոն լարի է հատկացվել դպրոցների շինարարության-վերանորոգման համար։ Հանրային դպրոցների բոլոր աշակերտները ապահովված են դասագրքերով, իսկ այն աշակերտների համար, ովքեր ապրում են դպրոցներից հեռու, գործում են դպրոցական ավտոբուսներ։ Լրացուցիչ ռեսուրսներ հատկացվեցին ուսանողների ուսուցման, մասնագիտական կրթության եւ գիտական ծրագրերի ֆինանսավորման համար»,- հայտարարեց նախարարը։
Նոդար Խադուրին ընդգծեց, որ միջին եւ փոքր գործարարության աջակցության նպատակով, առաջին անգամ «Արտադրի’ր Վրաստանում» ծրագրի շրջանակներում, 2014 թվականին հատկացվեց 20 միլիոն լարի։ Ավելացավ նաեւ գյուղատնտեսության ֆինանսավորումը, ինչը թույլ տվեց ավելացնել մշակված հողատարածքները, իրականացնել դրանց ոռոգումը։
Նախարարի հավաստմամբ, սոցիալական ծրագրերի համար գումարների հատկացումը չի անդրադառնում ենթակառույցային նախագծերի գործընթացի վրա։
Անդրադառնալով լարիի կուրսի տատանումների հարցին, Նոդար Խադուրին նշեց, որ այն կարող է մեկնաբանվել միայն ֆինանսների նախարարության իրավասության շրջանակներում։ «Լարիի փոխանակման կուրսի վրա բյուջեի ազդեցությունը զրոյական է։ Ինչ վերաբերում է բյուջեին, ապա 2014 թվականին բյուջեի եկամտային մասը կգերազանցվի, իսկ ծախսերի մասը կկատարվի մոտ 100 տոկոսով»,- հայտարարեց Նոդար Խադուրին։
Նրա խոսքերով, լարիի կուրսի վրա ազդում են շատ գործոններ, թեպետ բյուջեն դրանց թվին չի պատկանում։ «Լարիի կուրսի վրա ազդում են ներքին ու արտաքին շատ գործոններ։ Շատ են ներքին գործոնները եւ առաջին հերթին խոսում են բյուջետային մեծ ծախսերի մասին։ Նշեմ, որ մենք ծախսում ենք այնքան, որքան ստանում ենք՝ հարկերի տեսքով էկոնոմիկայից։ Բյուջեն երբեք չի ազդում շրջանառության մեջ գտնվող դրամի քանակության վրա»,- հայտարարեց ֆինանսների նախարարը։ Նախարարի հավաստմամբ, Վրաստանում դրամական քաղաքականությունն իրականացնում է ազգային բանկը, որը անկախ է, ուստիեւ գործադիր իշխանության կողմից ազգային բանկի աշխատանքի հանրային գնահատումը սխալ է։ Նոդար Խադուրու խոսքերով, խուճապը այն նշանակալի գործոններից մեկն է, որ խիստ բացասական ազդեցություն կարող է գործել լարիի փոխանակման կուրսի վրա։ «Խուճապի համար հիմքեր չկան։ Ազգային բանկը ունի պահուստներ, որպեսզի կարողանա ազդեցություն գործել գործընթացի վրա։ Մակրոտնտեսական ոչ մի պարամետր թույլ չի տալիս ենթադրել, որ լարիի կուրսի անկումը կշարունակվի»,- հայտարարեց Նոդար Խադուրին։

ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
< Դեկտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31