Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՇՈԹԱ ՈՍԿԱՆՅԱՆԻ «ՍԵՐ, ԿՐԿԵՍ, ՓԱՐԻԶ»-Ը ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

«Սեր, կրկես, Փարիզ»՝ ահա այս վերնագրով հայաստանաբնակ նկարիչ Շոթա Ոսկանյանը Թբիլիսիի կենտրոնում գտնվող Գամրեկելի անվան ցուցասրահում ներկայացրեց իր 30 աշխատանքը։

Ցուցահանդեսը նախաձեռնել էր Վրաստանի մշակույթի նախարարությունը՝ Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։
Երկու խոսք նկարչի մասին։ Շոթա Ոսկանյանը ծնվել է 1960թ., Երեւանում։ 1987թ. ավարտել է Մոսկվայի գեղարվեստական համալսարանը, Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երեւանում։
Նկարչի անհատական ցուցահանդեսն այցելող հանդիսատեսը, մտնելով դահլիճ, իսկույն շաղախվում է հեղինակի՝ կյանքի էսթետիկ ընկալման գաղափարախոսությամբ։ Ցուցասրահի պատերին փակցված աշխատանքները տանում են մեզ հեղինակի՝ Բոհեմական աշխարհը…
Մեր առջեւ կրկեսի պայծառ լուսամփոփների ճառագայթներով լուսավորված դերասաններ, մարմնամարզիկներ, ծաղրածուներ, թզուկներ… Ահա եւ Փարիզի՝ Է.Հեմինգուեյի բնորոշմամբ՝ «Մի քաղաքի, որտեղ միշտ տոն է», գողտրիկ փողոցները, Սենայի գետափնյա հինավուրց կամուրջները… Արհեստավարժ վրձնահարվածներով, որում զգացվում է ռուսական գեղագիտության դպրոցը, հեղինակը հաղորդում է դեռատի կիսամերկ կանանց թափանցիկ մաշկի նազելի թովչանքը…
«Իսպանական գնչուների» պատկերաշարը ինձ հիշեցրեց իսպանական գնչուների կրակոտ «Ֆլամենգո» պարը։ «Լսում եմ» կիթառի ռիթմով լարված հիասքանչ մեղեդին, բայց ինձ համար ավելի հոգեհարազատ կլիներ՝ լսել հայ հոգու գունաշարի մեղեդին։ Հայ արվեստի բոլոր ոլորտներում, բնականաբար, տեսնել, զգալ, լսել հայ արվեստագետի «արեւահամ բառը»։
Թբիլիսցի արվեստագետներին, ի դեպ, հետաքրքրեց հայաստանցի գեղանկարչի «Շոթա» անունը։ Պարզվեց՝ հեղինակի պապը որոշակի ժամանակ ապրել էր մեր հիասքանչ Թբիլիսիում, եւ, ի նշան երախտիքի, իր սիրելի թոռնիկին անվանել էր «Շոթա»։

ՄԵՐՈՒԺԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ
ՎՀՆՄ-ի նախագահ, մանրանկարիչ

 
< Դեկտեմբեր 2014 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31