Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԳԼՈՐԻԱՅԻ ԵՐՋԱՆԻԿ ՏԱՐԻՆ

Էլ.փոստ Տպել PDF

Ամանորի նախաշեմին թբիլիսահայ մանուկներին ուրախ անակնկալ էր պատրաստել Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը։ Մանկական նախատոնական ներկայացումը, որն ադամյանցիները խաղացին Ա.Խորավայի անվան Դերասանի տանը, կոչվում էր «Ուրախ տոնածառ»։

Ամանորի խորհրդանիշ պայծառ ու հսկայական տոնածառը, Ձմեռ պապն ու Ձյունանուշը, հայկական ու այլազգի հեքիաթների հերոսները, երգն ու պարը եւ յուրաքանչյուր երեխային տրվող նվերը արդեն իսկ Ամանորի խորհրդավոր ու հրաշք գիշերվա պատրանք էին ստեղծում փոքրիկների մոտ։ Թեեւ այս անգամ մի տեսակ այլ էր ոգեւորությունը, որովհետեւ բեմին մեր թատրոնի վաղվա օրն էր՝ երիտասարդ ադամյանցիները, որոնք իրենց պրոֆեսիոնալ խաղով ամանորյա այդ օրը մեր ապագայի ցանկություններին միավորում էին եւս մեկը, այն, որ հաջորդ տարի «Ուրախ տոնածառը» դիմավորենք մեր թատրոնի վերանորոգված շենքում։
…Ուրախ ներկայացումից հետո հանդիպեցինք Բաբա-Յագայի դերակատարին։
Արտաքին տիպիկ դիմահարդարումից՝ զգեստից, ճղճղան ձայնից ու շատ տպավորիչ խաղից արդեն իսկ չէիր ասի, որ հեքիաթների ամենաանճոռնի կերպարը մարմնավորող, իսկ իրականում շատ բարետես Գլորիա Գեւորգյանը, ընդամենը մի քանի օր առաջ, հենց այս բեմում հաջողությամբ ու ամենայն քնքշությամբ խաղում էր Մոխրոտի դերում։
Մայրաքաղաքի թիվ 95 հայկական դպրոցի շրջանավարտ Գլորիան թատրոն է եկել 2008-ին, ընդունվել թատրոնին կից ստուդիա եւ հասցրել քաղել մեր թատրոնի մոհիկաններից Սերիկ Շեկոյանի, իսկ առ այսօր՝ Արմեն Բայանդուրյանի, Լեւոն Ուզունյանի դասերը։ 2011 թվականից, որպես դերասանուհի նա աշխատում է Պ.Ադամյանի անվան պետհայդրամայում։ Նույն տարում նա ընդունվել է նաեւ Թբիլիսիի Իվ.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ այժմ չորրորդ կուրսի ուսանողուհի է։ Ավարտելուն պես մտադիր է նորից սովորել, այս անգամ թատերական բուհում։
- Սեր արվեստի նկատմամբ իմ մեջ արթնացրեց ուսուցչուհիս՝ Ռոզա Զոհրաբյանը,- ասում է Գլորիան,- ով հաճախ էր կազմակերպում գրական միջոցառումներ, իսկ հանգստյան օրերին պարտադիր թատրոնի բերում։ Սկզբում պարտադրանք, հետո արդեն անհրաժեշտություն դարձավ աշակերտների համար։ Թատրոնն ինձ օգնեց կյանքն առավել պայծառ գույներով տեսնել։ Դերասանի կյանքն ամբողջովին տարբերվում է մեկ այլ մասնագիտությամբ ապրող մարդու կյանքից, որովհետեւ քեզ պարգեւած մեկ կյանքում դու բեմի միջոցով մեկից առավելն ես ապրում։
Նա հաջողությամբ խաղացել ու իր իսկ խոսքերով «ապրել» է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (բմդ.՝ Արմեն Բայանդուրյան), Վիլյամ Սարոյանի «Հե՜յ, ով կա», «Ես եւ դու» (բմդ.՝ Գագիկ Մելքումյան), Աղասի Այվազյանի «Դիպլիպիտո» (բմդ.՝ Ռոման Մաթիաշվիլի), Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» (բմդ.՝ Հակոբ Ղազանչյան), Շարլ Պերրոյի «Մոխրոտը» (բմդ.՝ Լեւոն Ուզունյան), «Ուրախ տոնածառ» (բմդ.՝ Արմեն Բայանդուրյան) ներկայացումներում, յուրաքանչյուր անգամ առավել հաստատելով իր ուղու ճիշտ ընտրությունը։ Հետաքրքրվեցի, թե ինչպիսի՞ն էր Գլորիայի համար 2014-ը եւ ի՞նչ ծրագրեր ունի նա 2015-ի հետ կապված։
- 2014-ն ինձ համար թատերական կյանքի թերեւս ամենավառ տարին էր։ «Ես եւ դու» ներկայացումը մասնակցեց Երիտասարդ թատարական ռեժիսուրայի հանրապետական ամենամյա Հայաստանում կայացած 8-րդ փառատոնին։ Ապա հնարավորություն ստացա խաղալ Հայաստանի թատերական գործիչների նախագահ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի «Սիրային քառանկյունի» ներկայացման մեջ։ Իսկ ավարտվեց տարին հեքիաթով՝ «Մոխրոտով» եւ «Ուրախ տոնածառով»։ Ինքներս ապրեցինք ու մեր փոքրիկներին եւ, ինչու չէ, մեծերին ապրեցրեցրինք այդ հրաշալի աշխարհում։ Բեմից անգամ զգալի էր մեր կողմից նրանց պարգեւվող ուրախությունն ու երջանկությունը, հույզերը, իսկ եթե դերասանին հաջողվում է դա անել, ուրեմն նա երեւվի իրավունք ունի դերասան կոչվելու։
- Լավատես եմ, ու դա նախեւառաջ կապում եմ մեր թատրոնի շենքի վերաբացման հետ։ Ցավոք, ինձ բախտ չի վիճակվել խաղալ այս պատմական ու երանելի բեմում, ուստի 2015-ի իմ ցանկությունն ահա այդ է։ Իսկ բոլորիս ցանկանում եմ, որ 2015-ի 365-ն առատ լինի ուրախությամբ, առողջությամբ ու երջանկությամբ, իսկ մեր սրտերը ջերմանան բարությունից եւ կյանքի փորձություններին դիմակայելու ուժ ունենան,- ասաց մեզ հետ զրույցում Գլորիա Գեւորգյանը։

ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

 
< Հունվար 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31