Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԷԼԶԱ ԿԱԿՈՒԼԻԱ. «ՎՐԱՑ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ԱՎԱՐՏ ՉԻ ՈՒՆԵՆԱ»

Էլ.փոստ Տպել PDF

Էլզա Կակուլիայի մասին «Վրաստան» թերթում գրվեց դեռ 2011 թվականի նոյեմբերին: Այդ օրերին մեկնարկել էր ազգային փոքրամասնություններին ուղղված «Վրաց լեզուն՝ ապագա հաջողության գրավական» երկամյա ծրագիրը եւ լինելով 150 մասնակիցներից մեկը, Էլզան՝ որպես վրաց լեզվի մասնագետ, արդեն մեկնել էր Նինոծմինդայի շրջանի Օռլովկա հայաբնակ գյուղ: Եռանդով, համբերությամբ ու գիտելիքներով զինված Թբիլիսիում գործող Սուխումիի պետական համալսարանի վրացական բանասիրության մագիստրատուրայի ուսանողը համոզված էր, որ կանի ամեն ինչ աշակերտության ու տեղի բնակչության մեջ վրաց լեզվի ու վրացիների, Վրաստանի հանդեպ առավել մեծ հետաքրքրություն ու սեր առաջացնելու համար: Գյուղի պայմաններն ու սաստիկ ձմեռը նրան բնավ չէին հիասթափեցնում, ասում էր, որ ջերմանում է իր աշակերտների ուսումնատենչությամբ ու նաեւ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհու ընտանիքի անդամների սիրով, որ հյուրընկալել ու ապաստան էր տվել նրան:

Այս օրերին, «Վրաստանի» խմբագրություն նամակ եկավ: Հեղինակը Էլզա Կակուլիան էր. գրում էր, որ ծրագիրը վաղուց արդեն ավարտվել է, ու ինքն այժմ շարունակում է իր ուսումը վրացական լեզվագիտության գծով: Բայց տպավորությունները, որոնք թողել էին նինոծմինդացիները, եւ ովքեր նրա մեջ հետաքրքրություն էին արթնացրել հայ ժողովրդի հանդեպ, շարունակվում է ապրել:
«Վրաստան» թերթի միջոցով,- գրված է նամակում,- Ուզում եմ արտահայտել ոչ միայն կարծիքս օռլովկացիների ու ողջ վրացահայերի ու այսօր նաեւ Հայաստանի մասին, այլեւ՝ դիմել հե՚նց երիտասարդներին՝ հայ-վրաց բարեկամությունն է՚լ ավելի ամուր պահելու կոչով, քանի որ մեր օրերում, նման կապերը առավել հաճախակի են հնչեցվում պաշտոնական պատվիրակությունների հանդիպումների ժամանակ։ Համոզված եմ, որ վրաց ու հայ ժողովուրդների բարեկամությունը, որը գալիս է դարերի խորքից, երբեք ավարտ չի ունենա»։
«Ինքս ծնվել եմ Արեւմտյան Վրաստանի Սամեգրելո երկրամասի Աբաշայի շրջանում: Ապա ընտանիքով տեղափոխվել ենք Թբիլիսի: Ստանալով վրացական բանասիրության բակալավրի աստիճան՝ մայրաքաղաքում գործող Սուխումիի պետական համալսարանում։ Այժմ շարունակում եմ ուսումս մագիստրատուրայում, իսկ մինչ ծրագրին մասնակցելը, ես ընդհանրապես չէի շփվել հայերի հետ, գրեթե ոչինչ չգիտեի այդ ազգի պատմության ու մշակույթի մասին: Հայերի հետ իմ մտերմությունն ու բարեկամությունն սկսվեց 2011-ից, երբ մասնակիցը դարձա «Վրաց լեզուն՝ ապագա հաջողության գրավական» ծրագրի եւ ճակատագրի բերումով մեկնեցի Նինոծմինդայի շրջանի Օռլովկա հեռավոր գյուղ, ուր ապրում են մեկ ռուս եւ հինգ աջար ընտանիքներ, բնակչության մնացած մասը հայեր են:
«Խոստովանում եմ, որ վախենում էի: Ու ոչ միայն ես, այլեւ ծրագրի ղեկավարությունը: Հնարավոր էր չէ՞, որ ինչ-որ բան չստացվեր, չարդարացվեր... բարեբախտաբար, ծրագրի ընթացքն արդարացրեց նպատակը, ու հաջողության պտուղները մենք քաղում ենք առ այսօր»:
«Օռլովկայում աշխատեցի երկու տարի: Որպես Վրաց լեզու դասավանդող էթնիկ հայ մանկավարժի օգնական՝ 1-7 (ըստ ծրագրի), երբեմն նաեւ բարձր դասարաններում ու առավել հաճախ մանկավարժների ու նույնիսկ գյուղի բնակչության շրջանում՝ ըստ ցանկության:
Իմ ներդրումն հենց այդ մարդիկ են, այդ աշակերտները, ում թողել եմ գյուղում եւ, ովքեր այսօր առավել հստակ են խոսում վրացերեն, առավել քաջատեղյակ են մեր ընդհանուր երկրի Վրաստանի մասին ու առավել շատ են սիրում այն: Սիրեցի բոլորին, անխտիր: Նրանց հետ, նրանց օջախներում երկու տարի ապրել եմ, կիսել երջանկություն ու դժբախտություն, նրանք այն մարդիկ են, ովքեր ամեն ինչում սատարել են ինձ: Հիանալի բարեկամական կապեր եմ հաստատել նրանց հետ, խորապես հարգում ու շատ եմ սիրում նրանցից յուրաքանչյուրին: Հպարտ եմ, որ լավագույն տնօրենի հետ եմ աշխատել: Ընդամենը մեկ շաբաթ առաջ հյուրընկալվել էի նրանց: Այնքա՜ն էինք ուրախացել....
«Զավեշտալին այն է,- գրված է նամակում,- որ եթե ես նրանց վրացերեն, ապա իրենք ինձ հայերեն էին սովորեցնում: Երկու տարի անց, ես արդեն հասկանում էի, թե ինչ թեմայի շուրջ էին խոսում ուսուցչանոցում, իսկ երբ աշակերտը հայերեն էր թարգմանում վրացերեն տեքստը, միանգամից գտնում էի սխալը: Իսկ վերադարձից առաջ մանկավարժները «ստիպեցին» նույնիսկ հայոց լեզվի քննություն հանձնել, եւ ես «ստիպված էի» վրացերենի դասագրքում եղած բառերը թարգամանել հայերեն, պատկերացրեք հի՚նգ էլ ստացա, մանավանդ, որ հայերենով ընթերցեցի նաեւ:
«Պարզ է, որ այսքանից հետո, ես անպայման պիտի այցելեի նաեւ Հայաստան: Վրացի մի խումբ ընկերներով եղանք մի քանի քաղաքներում: Առաջնահերթորեն այցելեցինք Օշական, տեսանք Մեսրոպ Մաշտոցի շիրիմը, եկեղեցին, բակում տեղադրված քարե տառերը հայոց այբուբենի... ապա եղանք նաեւ Էջմիածնում, Գառնիում, Գեղարդում, ուր վեր խոյացող այդ չքնաղ եկեղեցին տեսանք, որն ինձ վրա անկրկնելի տպավորություն թողեց: Իսկ երեկոյան եկանք Երեւան, անցանք նրա կենտրոնական փողոցներով ու երկար զմայլվեցինք երգող շատրվաններով, որոնք իրենց դյութիչ երգ ու պարով անջնջելի հետք թողեցին բոլորիս հոգիներում: Ես իմ շրջապատին, ում հետ շփվում եմ, եւ ովքեր քիչ գիտեն հայերի մասին, մեծ սիրով նրանց բոլորին պատմում եմ Հայաստանի ու ընդհանրապես հայերի մասին, ում հետ իմ բարեկամությունն այլեւս ավարտ չունի»:
«Նամակն այս,- գրված էր ավարտին,- Ամանորի նախաշեմին եմ ուղարկում: Ուստի մեծ է ցանկությունս այս կերպ եւս շնորհավորել իմ սիրելի օռլովկացիներին, նինոծմինդացիներին, «Վրաստան» թերթի բոլոր ընթերցողներին ու նաեւ ձե՚զ, իմ սիրելի համերկրացի հայեր: Ձեզ ու վրացի երիտասարդությանը ձեռքբերումների ու վերելքների տարի եմ մաղթում, միմյանց միջեւ հաստատվող միայն լավագույն կապերով փայլենք: Եվ իբրեւ կարգախոս որդեգրենք այն, որ միայն միասին կարող ենք հզորացնել մեր եկիրը»:

 
< Հունվար 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31