Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԱՌԱՏ ՁՆԱՏԵՂՈՒՄՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Էլ.փոստ Տպել PDF

Հունվարի 7-8-ին ձնատեղումները լուրջ հիմնախնդիրներ էին ստեղծել Վրաստանի բարձրալեռ շրջաններում եւ  հատկապես Հայաստան ու Ռուսաստան տանող ճանապարհներին։ Մասնավորապես, ավտոտրանսպորտի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվեց Ռուսաստանի հետ կապող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (ռազմավիրական¤ եւ Հայաստանի հետ կապող Նինոծմինդա-Հայաստանի սահման ճանապարհահատվածներում։

Նինոծմինդայի շրջանում փրկարարներն ու ոստիկանները ձնե թակարդից ազատել են մոտ 300 մեքենա։ Մոլեգնած տարերքի պայմաններում երթեւեկության ապահովման նպատակով, շրջանում ստեղծվել էր արտակարգ շտաբ, որը գլխավորում էր Նինոծմինդայի շրջանից Վրաստանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը։ Մենք հեռախոսով կապվեցինք նրա հետ։

- Արտակարգ ծանր պայմաններում Վրաստան-Հայաստան սահմանագծում ավտոմեքենաների երթեւեկության ապահովման նպատակով մոբիլիզացվել էին Ախալքալաքիի, Ասպինձայի, Նինոծմինդայի, ընդհանրապես Սամցխե-Ջավախեթիի փրկարար բոլոր ջոկատները, տեխնիկական միջոցներ էին ստացվել Թբիլիսիից,- հեռախոսազրույցում ասաց Հ.Մկոյանը եւ հավելեց.- Մաքրման եւ փրկարար աշխատանքները, չնայած տեղացող ձյան ու ձնաբքին, երբ տեսանելիությունը խիստ սահմանափակ էր, իսկ սառնամանիքը հասնում էր 15-20 աստիճանի, անընդմեջ շարունակվում էին։ Նշեմ, որ թեպետ մենք սովոր ենք խիստ ձմռանը, սակայն նման փոթորկալից քամի ճանապարհի մաքրման աշխատանքներով զբաղված մեխանիզատորների խոսքերով, 20 տարուց ավելի չի եղել։ Նման պայմաններում երթեւեկության ապահովման համար մենք կազմեցինք մեքենաների շարասյուներ, այդ ձեւով էինք կարողանում իրականացնել անխափան երթեւեկությունը,- ասաց պատգամավորը եւ ավելացրեց.- Այս երկու օրվա ընթացքում սահմանից, ձյունամաքրիչ մեքենաների միջոցով 50֊60 ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը կարողացանք հասցնել Նինոծմինդա, իսկ հետո, գրեթե նույն քանակության մեքենաների, կրկին ձյունամաքրիչ մեքանաների ուղեկցությամբ հասցնում Հայաստանի սահման։ Առօրյա կատարվում էին 10֊ից ավելի նման «ռեյսեր»։ Առանձնակի շնորհակալություն պետք է հայտնեմ փրկարարներին, ոստիկաններին, մոտակա գյուղերի բնակիչներին։ Ցավոք, չկարողացանք խուսափել զոհերից։ Մասնավորապես, հունվարի 8-ին Նինոծմինդա-Օռլովկա ճանապարհի մոտակայքում գտանք Նինոծմինդայի շրջանի Արագյալ գյուղի բնակիչ 54-ամյա Վազգեն Գինոսյանի դիակը։ Նա ձյան մեջ խրված մեքենայից դուրս էր եկել եւ փորձել էր հետիոտն հասնել գյուղ,- հեռախոսազրույցում նշեց պատգամավորը։
Նրա խոսքերով, հաջորդ օրը տեղի էր ունեցել արտակարգ դեպք՝ մեքենայի մեջ սկսվել էին Գորելովկայի բնակչուհի Անուշ Իսպիրյան-Սորոգոլյանի երկունքի ցավերը։ «Անուշը ծննդաբերեց մեքենայում եւ շտապ կարգով նրան տեղափոխեցինք Նինոծմինդա, ապա Թբիլիսի։ Այսօր ուրախությամբ տեղեկացանք, որ մայրն ու նորածինը իրենց լավ են զգում»,- ասաց Հենզել Մկոյանը։
Պատգամավորի խոսքերով, ճանապարհահատվածի առանձին տեղամասերում մարդիկ բողոքում էին, իբր պարեկային ոստիկանությունը արգելակում էր ավտոտրանսպորտի շարժումը։ «Նման ոչինչ չկար, ուղղակի անհարկի խցանումները կանխելու նպատակով, ինչպես ասացի, ստեղծվում էին ավտոշարասյուներ։ Բոլոր վարորդներին կոչ էինք անում ընկալումով մոտենան ստեղծված իրավիճակին եւ անվերապահորեն կատարեն՝ ինչպես պարեկային ոստիկանության, այնպես էլ մաքրման աշխատանքներ իրականացնող ծառայությունների պահանջները»,- ընդգծեց Հենզել Մկոյանը։
Նրա խոսքերով, արտակարգ շտաբը, ինչպես ճանապարհին, այնպես էլ բնակավայրերում, ստեղծել էր տաքանալու եւ սնվելու կետեր, որտեղ ճանապարհին մնացած ուղեւորները կարող էին ապաստարան գտնել։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ

 
< Հունվար 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31