Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԼՈՒԻԶԱ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱ. «ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԻՄ ՇՐՋԱՆԸ ԿԱՊՈՒՄ ԵՄ ԹԱՏՐՈՆԻ ՆՈՐ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃ ՕՐՎԱ ՀԵՏ»

Էլ.փոստ Տպել PDF

Առավել հարմար առիթ, քան Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային տոնը, խոսել Թբիլիսիի պետհայդրամայի կին տնօրենի մասին ու նրա հետ, հավանաբար հնարավոր չէր պատկերացնել։ Հենց միայն այն, որ Լուիզա Խաչատուրովան թատրոն էր եկել դեռեւս 18 տարեկանում, աշխատել այստեղ 25 տարի ու այժմ դարձել մեր թատրոնի առաջին կին տնօրենը, արդեն իսկ հետաքրքիր էր դարձնում նրա ասելիքը։

- Շնորհավոր բոլոր կանանց Մարտի 8-ը, Լուիզա։ Կանացի, հմայիչ մնանք։ Որքա՞ն ժամանակ է թատրոնի տնօրենն եք։
- Շնորհակալ եմ։ Ինչ վերաբերում է տնօրենի իմ աշխատանքին, ապա նշանակվել եմ 2013թ. նոյեմբերին, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության այն ժամանակվա նախարար Գ.Օդիշարիայի հրամանով։ Իհարկե, մինչ այդ թատրոնի աշխատակազմը ժողով էր գումարել, ուր մեծամասնությունն առաջադրել էր իմ թեկնածությունը։
- Որքան հաճելի էր երեւի այդ վստահությունը…
- Ինչ խոսք, քանի որ ավագ սերնդի կողմից դա նաեւ յուրահատուկ ծնողական օրհնություն էր։ Ես թատրոն եմ եկել դեռեւս 1990-ին եւ հենց ծննդյանս օրը՝ սեպտեմբերի 15-ին, երբ լրացել էր 18 տարիս, հաստատվել ռեկվիզիտի (բեմական զգեստ-կահավորանքի¤ բաժնի աշխատողի պաշտոնում, ապա նշանակվել դերասանական կազմի ղեկավար, իսկ այժմ՝ տնօրեն։
- Այն էլ դժվար մի շրջանում, երբ փաստորեն թատրոնը, իր իսկ շենքում գործելու հնարավորություն չունի։
- Օր-օրի սպասում ենք շինարարներին։ Սա երեւի ամենաուրախ լուրն է լինելու թե՚ մեր, թե՚ հանդիսատեսի համար։ Հետեւաբար, թատրոնում իմ տնօրինության շրջանը փորձում եմ կապել նրա նոր ու բարգավաճ օրվա հետ։ Կարեւորն այն է, որ մենք դերասանների արհեստավարժ ու երիտասարդ կազմ ունենք, անընդհատ թարմացվող հետաքրքիր խաղացանկ, հյուրախաղային ու փառատոնային հարուստ ծրագրեր։
- Ո՞ր ճանապարհը բերեց թատրոնի աշխարհ։
- Մեր թատրոնի հենց մոտակայքում եմ ծնվել, բայց ասել, որ արվեստի եւ հատկապես թատրոնի ճյուղն իբրեւ մասնագիտություն ընտանիքիս ժառանգությունն է, չեմ կարող։ Ծնողներս աշխատում էին Թբիլիսիի «Դինամո-Արենա» մարզադաշտում։ Հայրս մարզադաշտի գլխավոր տեխնիկն էր, պատասխանատու էր ամբողջ համալիրի տեխնիկական սարքավորումների համար, իսկ մայրս լողի մարզիչ էր։ Այլ ուղղություն էին ընտրել քույրերս եւս. նրանցից մեկն այսօր Թբիլիսիի շինարարական կազմակերպություններից մեկի գլխավոր ինժեներն է, մյուսը՝ Մոսկվայում աշխատում է որպես սրտաբան։
Իսկ ես սովորում էի Թբիլիսիի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, երբ իմացա, որ թատրոնի ռեկվիզիտի բաժնում թափուր տեղ է հայտարարվել։ Անմիջապես եկա։ Զուգահեռում էի ուսումն աշխատանքի հետ. մեկ մի դասախոսություն, մեկ աշխատանքային մի օր էի բաց թողնում, բայց հասցնում էի։
- Որո՞նք են թատրոնի մոտ ծրագրերը։
- Այս պահին մենք Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված ներկայացումն ենք պատրաստում, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն է։ Թատրոնի ռեժիսորներից Լեւոն Ուզունյանն աշխատում է այսօր վրաց ժամանակակից դրամատուրգ Նինո Միրզաշվիլու «Պարիր տանգո» պիեսի բեմադրության վրա, իսկ Ռոման Մաթիաշվիլին ներկայացնելու է երեւանցի, ծնունդով թբիլիսցի ժամանակակից դրամատուրգ Գուրգեն Խանջյանի «Անմեղսունակների պարը» ներկայացումը։ Մոտ ժամանակներում Թբիլիսիի ռուսական Ալ.Գրիբոյեդովի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ավթո Վարսիմաշվիլին մեր դերասանների ընդգրկմամբ ներկայացնելու է իր հեղինակած «Սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ…» պիեսի բեմականացումը։ Նաեւ մեր շատ սիրելի ռեժիսոր ու բարեկամ, Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը ադամյանականում բեմադրելու է Շիրվանզադեի «Չար ոգին»։ Բացի այդ, մենք մասնակիցն ենք Վրաստանի մշակույթի նախարարության «Դպրոցականների էքսկուրսիա թատրոններ» ծրագրի, որի շրջանակներում նախատեսում ենք հանդես գալ Վրաստանի շրջանների հանդիսատեսի առջեւ։
- Մենք միայն ուրախանալ կարող ենք ու հաջողություններ մաղթել մեր սիրելի թատրոնին։ Ու քանի որ Մարտի 8-ն է, շնորհավորում ենք թատրոնի բոլոր կանանց՝՝ միջազգային տոնի առթիվ։ Ի դեպ, հետաքրքիր է իմանալ, քանի՞ կին է աշխատում թատրոնում։
- Շնորհակալություն շնորհավորանքի համար։ Մենք էլ մեր կողմից շնորհավորում ենք բոլոր կանանց՝ տոնի առթիվ։ Իսկ ինչ վերաբերում է թատրոնին, ապա 107 աշխատողներից 59-ը կին ենք։ Դե, եթե հարցնում եք, ասեմ, սովորաբար թատրոնում բոլորս միասին երեք առիթ ենք նշում. թատրոնի հոբելյանը, Արմեն Բայանդուրյանի ծնունդը եւ Մարտի 8-ը։ Ուստի, օգտվելով ընձեռված հնարավորությունից, թույլ տվեք շնորհավորել բոլոր կանանց, միշտ բնական լինենք, զուսպ, քնքույշ ու բարի…

ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

 
< Մարտ 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31