2015 թվականի մարտի 15-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գրքի շնորհանդեսը: «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ, «Վրաստան» թերթի աջակցությամբ եւ գործարար Ռաֆիկ Աղաջանյանի հովանավորությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին գրքի հեղինակը, հյուրեր, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունից եւ բարեմաղթանքից հետո, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լեւոն Չիդիլյանը երախտիքի խոսքեր ուղղեց Սերգո Երիցյանին եւ նրա հետ աշխատող խմբին հայ գործարարների հետքը Վրաստանում վեր հանելու եւ սերունդներին ներկայացնելու ազգանվեր գործի համար:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահը, որ նպատակադրվել էր Ալեքսանդր Մանթաշեւի, Միքայել Արամյանցի, Եսայի Պիտոեւի, Մելիք-Ազարյանցի անունների շարքում հանրաճանաչ դարձնել նաեւ Անանյան-Հովնանյան գերդաստանի անունը, ընթերցողին էր ներկայացրել այս գերդաստանի արժանավոր զավակների գործունեությունն ու բարեգործությունը Վրաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: Սերգո Երիցյանն իր խոսքում գոհունակությամբ նշեց, որ իրեն հաջողվել է ոչ միայն գրել ամբողջական գիրք Անանյան-Հովնանյանների մասին, այլեւ նկարահանել տեսաֆիլմ հայ մարդու տեսակի մասին, որը կառուցող է, արարող եւ մարդասեր:
Անանյանների հետքերով ընթացող բանասեր հետազոտողին ուղեկցող Յուրի Միկիրտումովը անդրադարձ կատարեց Իմերեթիի տարածաշրջանի Սվիրի գյուղի բնակիչների առանձնահատուկ ջերմ վերաբերմունքին՝ Անանովների հիշատակին: Սվիրիի բնակչության սերունդները 100 տարի անց շարունակում են ընդգծված ջերմությամբ ցույց տալ հայ մարդու գործարարության հետքերը՝ «Վարցիխե» գինու եւ կոնյակի գործարանը, Անանովների անունով հիշատակվող աղբյուրը, 35 վերստ երկարությամբ ջրմուղը, Աջամեթիկաղնու անտառը, նաեւ արժեւորել աշխատավոր մարդու նկատմամբ գործարարների ցուցաբերած վերաբերմունքն ու հոգատարությունը:
Անանյան-Հովնանյանների մասին պատմող գրքի հրատարակության եւ նրանց կատարած աշխատանքը հասարակությանը հասանելի դարձնելու համար իրենց սրտի խոսքն ասացին բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, պատմաբաններ Ռուբեն Նահատակյանը, Ենոք Թադեւոսյանը եւ Յուրի Մկրտումովը:
Ամփոփելով շնորհանդեսը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց ազգի նվիրյալ զավակների, մեծ գործիչների գործունեությունը վերհանելու եւ սերունդներին հաղորդելու նպատակով արժանավոր հայորդի Սերգո Երիցյանի եւ մյուսների նվիրական աշխատանքը: Սրբազան հայրը կարեւորեց հայ գործարար-բարերարների ստեղծագործական, կառուցողական, նաեւ բարեգործական գործունեությունը, որ արվում էր այն երկրի բարգավաճման եւ ծաղկման համար, որը նաեւ նրանց երկիրն էր եւ պատմությունը նրանց մասին իրողություն է, որը պետք է անպայման վերհանել ու ցույց տալ սերունդներին:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ ներկայացվեց նաեւ Սարգիս Դարչինյանի «Թիֆլիս-հայկական ճեպանկարներ» գրքի ռուսերեն թարգմանությունը:
Բազմամարդ դահլիճը մեծ հետաքրքրությամբ դիտեց «Կարծիք» ստեղծագործական խմբի պատրաստած «Անանյան-Հովնանյաններ. մոռացված արահետներով» տեսաֆիլմը:
ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ