Ասում են՝ լավ մեկնարկը հաջողության կեսն է։ Վրաստանի հայալեզու դիմորդներին, երկրի պետական բոլոր բուհերում վերապահված է տեղերի 12 տոկոսը։ Դիմորդներին տրված է բացառիկ հնարավորություն մայրենի լեզվով ունակությունների մեկ քննություն հանձնելով, օգտվել վրաց լեզվի ուսուցման 1+4 Վրաստանի նախագահական ծրագրով նախատեսված արտոնություններից, որոնք թույլ են տալիս վրաց լեզվի մեկամյա ինտենսիվ ուսուցումից հետո դառնալ վրացական բուհերում գործող ցանկացած ֆակուլտետի ուսանող։ Ուսուցման առաջին տարվա ավարտին անհրաժեշտ է միայն հանձնել լեզվի քննությունը։
Իրոք, բացառիկ արտոնություն է։ Վրաստանի նախագահը վճարում է լավագույն 100 ուսանողների հնգամյա ուսուցման վարձը։
Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագիրը մեկնարկեց 2010 թվականին Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ։ 60 կրեդիտով նախատեսված (30-ական կրեդիտ յուրաքանչյուր կիսամյակի համար¤ լեզվական ծրագիրը կազմավորվել էր լեզվի իմացության մակարդակի բարձրացման համար։ 12 տոկոսային հարաբերակցությունը բաշխված է հետեւյալ կերպ՝ 5-ական տոկոս տրվում է հայալեզու եւ ադրբեջանալեզու դիմորդներին եւ 1-ական՝ աբխազներին եւ օսերին։
Ամեն ինչ սկսվեց 2003 թվականին, երբ ՄԱԿ-ի աջակցությամբ, Ախալքալաքիում Թբիլիսիի պետհամալսարանի մասնաճյուղի քոլեջում փորձնական կարգով իրականացվեց նման ծրագիրը վրաց լեզվի մեկամյա նախնական ուսուցման նպատակով։ Արդյունքներն ավելի քան գոհացուցիչ էին։
Թբիլիսիի Իվ.Ջավախիշվիլու անվան պետհամալսարանի ասոցիացված պրոֆեսոր, հայալեզու եւ ադրբեջանալեզու ուսանողներին վրաց լեզվի ուսուցման ծրագրի ղեկավար Կախա Գաբունիան նշեց, որ սկսած 2005 թվականից, երբ Վրաստանում ներդրվեցին միասնական ազգային քննությունները, մինչեւ 2010 թվականը ներառյալ, երկրի ոչ մի բուհում Վրաստանի ազգային փոքրամասնություններով հոծաբնակ տարածքներից ոչ մի ազգային դպրոցների շրջանավարտներից՝ ուսանող չկար։ Դա, առաջին հերթին, իհարկե, պայմանավորված էր վրաց լեզվի չիմացությամբ։
Օրինակ, 2008 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետից քննությունը հանձնող 20 դիմորդներից ոչ մեկը չկարողացավ ընդունվել բուհ։ Ախալքալաքիից 30 դիմորդներից եւս ոչ մեկին չվիճակվեց ստանալ ուսանողի վկայական։ 2010 թվականին վրացական բուհերում ազգային դպրոցների շրջանավարտներից ընդունվեց 150 մարդ, անցյալ տարի՝ 350-ը, իսկ նախանցյալ տարի՝ 300-ը։ Օրինակ, այս տարի Թբիլիսիի Իվ.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում սովորում է շուրջ 350 ուսանող, որից 200-ը ադրբեջանցիներ են, իսկ 150-ը՝ հայեր։ Համալսարանի յոթերորդ մասնաշենքում ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսուցանում էին չորս առարկա՝ ընթերցանություն, գրավոր ու բանավոր խոսք, ունկնդրում։
Առաջին կիսամյակում ուսուցանում են վրաց լեզվի հաղորդակցական ունակությունը, արտահայտությունները, որոնք կարող են օգտագործվել առօրյա, օրինակ` ինչպես իրենց պահել խանութում, հանդիպումների ժամանակ եւ այլն։
Երկրորդ կիսամյակում՝ ելնելով ֆակուլտետներից, շեշտը դրվում է հաղորդակցության ակադեմիական առարկաների վրա։ Բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ լրիվությամբ յուրացնել վրաց լեզուն, սակայն Կախա Գաբունիայի խոսքերով, իրենք կարողանում են հասնել նրան, որ ուսանողները հայտնվելով խառը կոլեկտիվներում, որտեղ ուսուցումը տարվում է վրացերենով, անհարմար վիճակում չեն հայտնվում։
Մենք հանդիպեցինք Թբիլիսիի պետհամալսարանում սովորող 36 մեր հայ ուսանողների հետ։ Պետական լեզվի իմացության մակարդակից ելնելով, խումբը բաժանված է ութ ենթախմբի։ Ուրախալի էր, որ շատերը խոսում էին թեպետ դանդաղ, առոգանությամբ, սակայն քերականական ճիշտ վրացերենով։ Հանդիպման մասնակից Գրիգոր Կարապետյանը նշեց, որ մինչեւ ընդունվելն ինքը բացարձակապես չէր խոսում վրացերեն, իսկ հիմա նա բավականին ազատ տիրապետում է պետական լեզվին։ «Եղբայրս սովորում է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսում եւ շատ գոհ է։ Նա արդեն հարմարվել է, դյուրությամբ հաղորդակցվում է համակուրսեցիների հետ»,- ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղից Վարդանուշ Քոսյանը։ Հատկանշական է, որ ինքն էլ է ցանկանում սովորել այդ ֆակուլտետում։
Երիտասարդները խոսեցին նաեւ իրենց առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես ցանկանում են լույս ընծայել գրքույկ, որտեղ կհավաքեն իրենց համակուրսեցիների վրացերեն եւ հայերեն լեզուներով գրված պատմվածքները։ Դա մեր դասախոս Նանի Չանիաշվիլու նախաձեռնությունն է։ Նա մեզ ուսուցանում է վրացերեն խոսակցական եւ գրավոր լեզուն։ Մեզ այդ գաղափարը շատ դուր եկավ։ Մեկ տարի անց մենք կսովորենք տարբեր ֆակուլտետներում, իսկ այդ գիրքը կմիավորի մեզ բոլորիս։ Երբ այն լույս ընծայենք, կկազմակերպենք այդ գրքի շնորհանդեսը։ Գրքի խմբագիրներն են դառնալու Նանի Չանիաշվիլին եւ Էլզա Թորոսյանը։ Էլզան, Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի իր ինը համադասարանցիների հետ միասին, հաջողությամբ օգտվեց վերոնշյալ ծրագրի ընձեռած հնարավորությունից, հավաքեց դրամաշնորհի 100 տոկոսը եւ ապագայում ցանկանում է դառնալ դիվանագետ։
Վրաց լեզուն ուսուցանող աշակերտներին օգնում են հայագետներ Մերաբ Ռոբաքիձեն, Նինո Գոկաձեն, Զոյա Մխիթարյանը, Դալի Չիտունաշվիլին, Դալի Նաչխատաշվիլին եւ ուրիշներ։ Ուսանողները մեծ սիրով պատմեցին իրենց դասախոսների մասին։
Շուրջբոլորը հավաքված ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով պարզվեց, որ 36-ից 10-ը պատրաստվում է դառնալ տնտեսագետ, 5-ը՝ ցանկանում է ուսուցումը շարունակել բժշկականում, 4-ը՝ իրավաբանականում, 6-ը՝ մանկավարժականում, իսկ 4-ը՝ գերադասությունը հանձնում են միջազգային հարաբերություններին եւ մեկն էլ՝ ցանկանում է դառնալ հոգեբան։ Երկու ուսանող ցանկություն հայտնեցին դառնալ տարրական դասարանների ուսուցիչներ։ Հատկանշական է, որ հենց այս տարի էր առաջին անգամ հայտարարվել այդ ֆակուլտետի ուսանողների հավաքի մասին։
2012 թվականից բուհերի միջազգային կոնսորցիումը, որի կազմում ընդգրկված են Վրաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լատվիայի եւ Լիտվայի 11 սուբյեկտները եւ, որի համակարգողը Թբիլիսիի Իվ.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանն է, ՏԵՄՊՈՒՍ (ներկայումս՝ ԷՐԱԶՄՈՒՍ+) նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրամիությունը, աշխատում է ուսուցիչների համար նոր ծրագրի ստեղծման եւ ներդրման ուղղությամբ։ Ստեղծվեց տարրական դասարանների երկլեզու մանկավարժների բակալավրիատի ծրագիր։ Կախա Գաբունիայի խոսքերով, տարածաշրջաններում շատ սուր է դրված միջնակարգ դպրոցների մանկավարժների հիմնախնդիրը։ «Ամենամեծ հիմնախնդիրը մանկավարժների տարիքի եւ որակավորման հարցն է։ Տասը տարի անց կծագի ուսուցիչների հարցը, չէ՞ որ նրանցից շատերի տարիքը 80-նն անց կլինի։ Երիտասարդները խուսափում են դպրոցում աշխատելուց։ Ուստիեւ, մենք առանձնակի ուշադրություն ենք հատկացնում այդ հարցին։ Այս տարի նախնական կարգով անցկացրի ոչ պաշտոնական հարցում, ըստ որի՝ 200 ուսանողներից 130-ը սկզբունքորեն համաձայն են մասնակցել այդ ծրագրին»,- ասաց Գաբունիան։
Մշակվել է նաեւ առանձին առարկաներով մանկավարժների նախապատրաստման համար մագիստրոսի ծրագիր։ Երրորդ ծրագիրը իրենից ներկայացնում է ուսուցիչների վերաորակավորման նախագիծը, որը ներառում է «Լեզվի եւ առարկայի ինտեգրված ուսուցում» վարժանքներ։ Անցյալ տարվա նոյեմբերին նման վարժանքներ անցկացվեցին Ախալցիխեում, Ախալքալաքիում, Նինոծմինդայում, Մառնեուլիում եւ Բոլնիսիում։ Վարժանքները անցկացվում էին շաբաթ ու կիրակի օրերին՝ երկու ամիս տեւողությամբ, ընդամենը տասը պարապմունք՝ յուրաքանչյուրը 6-ական ժամ։ «Այդ պարապմունքները բավականին արդյունավետ էին։ Վերոնշյալ երեք ծրագրերի ակտիվ ներդնումը կսկսվի 2015 թվականի սեպտեմբերից, եւ դրանք նախատեսված են այն ուսանողների համար, ովքեր ավարտում են վրաց լեզվի նախնական ուսուցման մեկամյակը։ Դա կնպաստի նրան, որ երիտասարդները կողմնորոշված չեն լինի միայն քաղաքում տեղավորվելու ուղղությամբ, այլ կկարողանան վերադառնալ իրենց շրջաններ, կունենան աշխատանքի տեղավորվելու իրատեսական հնարավորություն։ Նրանց համար նախատեսվում է նաեւ հավելավճար։ Կարծում եմ, շատերը կառաջնորդվեն հայրենասիրական միտումներով, չէ՞ որ նոր սերնդի ուսուցումը անընդմեջ պետք է շարունակվի»,- ասաց Գաբունիան։
Թեպետ ուսանողների հետ մեր հանդիպմանը, ես առանձնակի ոգեւորություն վերոնշյալ ծրագրի կապակցությամբ չնկատեցի, չնայած հանդիպմանը ներկա էին 36 ուսանողներ եւ հնարավոր է, որ մյուսները շատ ավելի մեծ պատարաստակամությամբ համաձայնվեն դառնալ տարրական դասարանների մանկավարժներ։ Եվ դա հասականալի է։ Երիտասարդներից յուրաքանչյուրը ուներ իր մոտեցումը։ «Հնարավոր է, նոր ծրագրով ուսուցանելիս, ստիպված լինենք անընդմեջ տեղափոխվել համալսարանի մասնաշենքերով մեկ, դա այնքան էլ ձեռնտու չէ»։
Շատերը ցանկանում են իրենց հատուկ տեղը գտնել ընձեռած հնարավորությունների լայն ասպարեզում։ Անկեղծորեն նրանց հաջողություն ենք մաղթում ուսուցման եւ իրենց հուզող հարցերի կարգավորման գործում։
ԴԻՆԱ ԳԱԲԱՏԱՇՎԻԼԻ