Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԶԻՆՎՈՐ ԽԱԺԱԿ ԵՓՐԻԿՅԱՆ

Էլ.փոստ Տպել PDF

Երեք սերունդ է այսօր խոնարհվում Երկրորդ աշխարհամարտի մասնակիցների նոսրացող շարքերին, մարտերում ընկած հայտնի ու անհայտ զինվորների շիրիմներին։ Իսկ իրենք՝ հաղթանակի փառապանծ կերտողները, նրա 70-րդ տարելիցը դիմավորում են իրենց կողմից ճաշակված արհավիրքի չմոռացվող հուշերով… Աշխարհի քաղաքական թատերաբեմերին հառված նրանց ծերունական հայացքներում, այսօր, ցավոք, տագնապ, իսկ շուրթերին երկյուղած մրմունջ կա՝ «Աստված, խափանիր պատերազմները»…

Մեծ հաղթանակի իր ճանապարհն է անցել նաեւ մեր հայրենակից վետերան, թբիլիսցի Խաժակ Եփրիկյանը։ Զավակները, թոռներն ու նրան ճանաչողները Խաժակին նորից ու նորից են պատմել տալիս ֆաշիստների հետ մահ ու կենաց կռվի հեքիաթ թվացող դրվագները… Իսկ նա, իհարկե, նորից ու նորովի է վերապրում ողբերգական ու միեւնույն ժամանակ՝ խիզախության, արիության, առնականության անկրկնելիորեն լուսավոր հուշերը…
«Ինչպես էլ անվանվի Երկրորդ աշխարհամարտն այսօր, մեզ՝ նախկին ԽՍՀՄ-ի քաղաքացիների համար այն կմնա Հայրենական պատերազմ,֊ ասում է 96 տարեկան վետերանը։ - Մենք այն օրերին մահվան դաշտ էինք գնում սեփական անձը մոռացած, եւ ինչպե՞ս կարող էինք այլ կերպ վարվել, երբ կար հայրենիք, նրա հետ՝ ծնող, ընտանիք կորցնելու վտանգը… Մեզ գիտակցված անձնուրացության մղողը՝ կորցրած խաղաղությունը հայրենիքին վերադարձնելու սրբազան նպատակն ու հաղթանակի հավատն էր։ Այո՚, մենք հավատում էինք հաղթանակին, ու նա նվաճվեց ա՚յդ հավատով…»։
Խաժակ Եփրիկյանին զինվորի գորշ շինել հագնել վիճակվեց 19-ը տարեկանում։ Սիրո երազն ու անուրջը հոգում փայփայելով՝ երիտասարդը հայրենի՝ Բոգդանովկայի շրջանի (այժմ՝ Նինոծմինդա¤ Ղաուրմա գյուղից զորակոչվեց պատերազմ եւ մարտնչեց Հյուսիսային Կովկասից մինչեւ Ուկրաինա ձգվող մարտադաշտերում, 1941֊ից մինչեւ 1945֊ի մայիսը…
Ախալքալաքիի մանկավարժական տեխնիկումի շրջանավարտ երիտասարդի՝ դեռեւս մինչ պատերազմն սկսված ուսուցչական աշխատանքը, զորացրվելուց հետո, շարունակվեց նոր ավյունով։ Նա շտապեց ամրապնդել մասնագիտությունը եւ հաջողությամբ ավարտեց Թբիլիսիի Ա.Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Իլիայի անվան պետհամալսարան¤ հայկական բաժնի լեզվագրական ֆակուլտետը։
Վեց տասնամյակից ավելի Եփրիկյանը հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել Թբիլիսիի հայկական դպրոցներում, ի դեպ, մանկավարժ էր նաեւ նրա լուսահոգի կինը՝ Սեդա Հայրապետյանը։
Այսօր Խաժակ Եփրիկյանը վիրահայ ընթերցողին քաջածանոթ հեղինակ է, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության պատկառելի անդամը։ Սիրո, ընտանիքի, Հայոց ցեղասպանության, 1941-1945 թվականների պատերազմի թեմաներով հյուսված նրա արձակ եւ չափածո ստեղծագործությունները մարդկային մաքուր երազների լուսավոր հանգրվաններ են։ Ասենք, որ Թբիլիսիի «Մերանի» հրատարակչությունը լույս է ընծայել գրող-մանկավարժի «Կոմիտասի չինարին» եւ «Պատմվածքներ» ժողովածուները։
Իր ավանդասեր ընտանիքի՝ որդու, դստեր, հինգ թոռների ջերմ ու հոգածու գրկում վայելելով ծերունական հանգիստը՝ սիրասուն հայրն ու պապիկը, ստեղծագործական աշխատանքը սիրով շարունակում է նաեւ այս օրերին։ Այժմ նա տքնում է պատերազմի մարտական ընկերներին նվիրված «Թշնամու թիկունքում» եւ «Անսպասելի հանդիպում» պատմվածքների վրա, առջեւում մյուս մտահղացումներն են…
Իսկ մենք, հարգարժան Խաժակ ու բոլոր կենդանի վետերաններ, խոնարհվում ենք Ձեր արիության անխորտակ ուժին եւ ցանկանում ենք Ձեզ հոգու խաղաղություն եւ առողջություն։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 
< Մայիս 2015 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31