Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

«ՈՎ ԲԱՐԵԿԱՄ ՉԻ ՈՐՈՆՈՒՄ, ՆԱ ԻՆՔՆ Է ՀԵՆՑ ԻՐ ԹՇՆԱՄԻՆ» (Շ.ՌՈՒՍԹԱՎԵԼԻ)

Էլ.փոստ Տպել PDF

alt

Բարեկամներ են միշտ եղել ու կան հայ ու վրացի ժողովուրդները։ Եվ պատմության քառուղիներում՝ օրհասական պահերին միշտ աջակցել են իրար ու սատարել, ուրախ պահերին՝ միմյանցով հրճվել- խնդացել։ Ասել է, միմյանց պատմությունները հյուսել են փոխսիրո, փոխըմբռնումի, հարկ եղած դեպքում, փոխզիջումի հենքի վրա։ Եվ այս ճշմարտությունը ավելի, քան որեւէ այլ տեղ, մշակույթում, գրականության մեջ է դրսեւորվել։ Ու դա՝ դեռեւս Յ.Ցուրտավելու, Լ.Մրովելու, Եղիշեի, Բյուզանդի ժամանակներից… Նրանք դարեր շարունակ իրենց գրականությունները համալրել-հարստացրել են փոխադարձ բարձրարժեք թարգմանություններով, փոխայցելություններով, հանդիպումներով, միմյանց ներկայացնող ու արժեւորող, միմյանց նվիրված գրքերի հրատարկություններով… Հետեւաբար իրենց սիրո եւ բարեկամության ոսկեմատյանը անընդհատ զարդարել գեղեցիկ նոր էջերով։ Այս ամենի փայլուն ապացույցն են բարեկամական կապերը հատկապես հայ ու վրացի մեծերի միջեւ։ Վկա՝ Սունդուկյանի եւ Ծերեթելու, Տիցիանի եւ Չարենցի, Գամսախուրդիայի եւ Իսահակյանի, Գրիշաշվիլու եւ Թումանյանի կապերը… վերջին տասնամյակում ընդլայնվող ու իր խորքերում զարգացումի առողջ սերմեր պարունակող կապերը հայ եւ վրացի գրողների միջեւ։
ՀԳՄ եւ ՎԳՄ նախագահներ Լեւոն Անանյանի եւ Մաղվալա Գոնաշվիլու եռանդուն ու բարեշահ փոխհամագործակցության շնորհիվ մեր գրական հարաբերությունները թեւակոխել են աննախադեպ արժեքավոր, բեղուն  շրջան։ Հրատարակվել են հայ ու վրաց չափածոյի եւ արձակի անթոլոգիաները, կայացել են հայ գրականության օրեր Վրաստանում, վրաց գրականության օրեր՝ Հայաստանում, եղել են գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ… Ու, եթե ժամանակին Ծերեթելին է ձոնել բանաստեղծություն Սունդուկյանին կամ Գրիգոլ Ռոբաքիձեն է հայաստանյան այցելությամբ հիացած (1929թ.) գրել իր նշանավոր «Հայաստան» էսսեն, ապա այսօր էլ հայ գրողներն են գրում Վրաստանի մասին ու վրացիները՝ Հայաստանի։ Եվ անձամբ իրենք նախագահները, որոնք կազմում են այս շղթայի գլխավոր օղակը։
…Ահա այս ամենի լավագույն ապացույցն էին մի քանի օր առաջ Թբիլիսիում, «Մերանիում» վրացերեն հատարակված երկու գրքերը եւս՝ մեկը «Հայ արձակի անթոլոգիան» (թարգմ՝. Մ.Սահակյան, Դ.Կախաբերի¤, մյուսը՝ Արցախի ԳՄ նախագահ, նշանավոր բանաստեղծ Վարդան Հակոբյանի «Քարի շնչառությունը» ժողովածուն (թարգմ.՝ Ա.Բոստանջյան, խմբ.՝ Մ.Գոնաշվիլի)։ Եվ որ պակաս կարեւոր իրադարձություն չէր, դա  մայիսի 24-26-ը Ծաղկաձորում կայացած Երիտասարդ գրողների 10-րդ, տարեցտարի իր աշխարհագրությունն ընդլայնող միջազգային համաժողովն էր, որին հայաստանյան ու վրաստանյան գրողների հետ միասին մասնակցում էին նաեւ Արցախի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Սիրիայի գրողները։
Ահա հենց այս երկու առիթներով էլ, Հայաստան հրավիրված պատվիրակության մեր խումբը՝ Մ.Գոնաշվիլի, Ռ.Միշվելաձե,  Մ.Գորգիշվիլի, Թ.Բլիաձե, Ն.Քվրիվիշվիլի, Պ.Կոլխի, Ի.Շամաթավա, Գ.Դոլիձե, Ու.Զակաշվիլի… մայիսի 21-ին մեկնեց Երեւան՝ արժանանալով հարազատ եղբորը վայել ջերմ ընդունելության։ Հաջորդ օրը Երեւանի Ավ.Իսահակյանի անվան գրադարանում էլ կայացավ Արձակի Անթոլոգիայի շնորհանդեսը, որին ներկա էին բազմաթիվ հայ ու վրացի գրողներ, մշակույթի գործիչներ, ինչպես նաեւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին եւ դեսպանության խորհրդական, հայագետ Նինո Ափցիաուրին։ Իրենց խոսքում ՀԳՄ եւ ՎԳՄ նախագահները, գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, հայագետ Ն.Ափցիաուրին, գրողներ Կարինե Խոդիկյանը («Գրական թերթի» գլխ.խմբագիր), Ալիս Հովհաննիսյանը, Ռեւազ Միշվելաձեն, Դավիթ Մուրադյանը, Ա.Բոստանջյանը, այլք շեշտադրեցին թե՚ գրքի կարեւորությունը, թե՚ հայ մեծ գրականությունը, ինչպես այն անվանեց Ռեւազ Միշվելաձեն, վրաց իրականությանը ներկայացնելը ու հայ արձակի միտումներին եւ ուղղություններին ծանոթացնելը, թե՚ հայ-վրաց փոխառնչությունների այսօրվա բարձրամակարդակ որակը, թե՚ նման գրքերի դերը մեր ազգերի միջեւ առկա կամրջի ամրապնդման մեջ։ Ինչպես իր խոսքում նշեց մեծարգո դեսպանը, քաղաքական գործիչներն ու դիվանագետները շատ բան ունեն սովորելու գրողներից. «Մշակույթն է, որ ամրապնդում է ազգերի կապը, մշակույթն է, որ հնարավոր է դարձնում ճանաչել ու հարգել մեկմեկու, կերտել մեկմեկու պատմությունը, սիրել ու հպարտանալ միմյանցով»։ Հաճելի օր էր, արդարեւ, «հյուրընկալը՝ խնդումերես, հյուրը՝ հաճո» (Շ.Ռուսթավելի)։
Հունիսի 24-ին մեր պատվիրակությանը սպասում էր ոչ պակաս գեղեցիկ ու նշանակալից անակնկալ։ Մենք հրավիրվեցինք մասնակցելու Վրաստանի Պետական անկախության վերականգնման օրվա առիթով Հայաստանում Վրաստանի դեսպանի բարձրակարգ ընդունելությանը՝ Երեւանի «Արմենիա Մարիոտում»։
Մայիսի 24-ին մենք արդեն Ծաղկաձորի ստեղծագործական տանն էինք, որտեղ նույն օրը մեկնարկեց  Երիտասարդ գրողների համաժողովը՝ «Արմատ եւ սաղարթ»՝ սերունդների հերթափոխը խորհրդանշող խորագրով։ Լ.Անանյանի ողջույնի խոսքից հետո, ով հատկապես կարեւորեց նման հանդիպումների միջազգայնացման կողմը, Մ.Գոնաշվիլին եւ Ռ.Միշվելաձեն եւս ողջունեցին ներկաներին, ընդգծելով, որ գրական երթեւեկը այսօր ճիշտ ուղիով է ընթանում, իսկ հանդիպումների արդյունքում ծնվում են թարգմանություններ։ Համաժողովի ընթացքում արծարծվեցին երիտասարդությանը հուզող խնդիրներ, նախանշվեցին փոխհամագործակցության ուղիներ, եղան բանավեճեր, քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ, ֆիլմի դիտում, կայացավ ճարտարապետ Զալիկյանի ծաղրանկարների ցուցահանդեսը (մասնակիցներին ներկայացնող), լսվեցին ավագ սերնդի գրողների (Ռ.Միշվելաձե, Դ.Մուրադյան, Վ.Հակոբյան, Ա.Հարությունյան…) Վարպետության դասերը։
Անշուշտ, նման հանդիպումներն ու դրանցից ստացած տպավորությունները խորապես ներգործում են երիտասարդ գրողների վրա, ձեւավորում որոշակի գրական ճաշակ ու հայացք, ուղղորդում դեպի իրականության ճիշտ ընկալում, առողջ մտածելակերպ։
Այս մասին թող ասեն իրենք գրողները։

ԳԵՆՐԻ ԴՈԼԻՁԵ (բանաստեղծ, Բաթումի)
- Դարեր շարունակ միշտ մերձ, գեղեցիկ ու հարուստ են եղել մեր երկու հնագույն ազգերի՝ վրացիների ու հայերի միջմշակութային կապերը։ Թեեւ չեմ կարծում, որ երբեւէ հայ եւ վրացի գրողները լինեին այնքան մտերիմ, ինչպես այսօր։ Այսպես դատելու իրավունք ինձ տալիս է համաժողովի օրերին Ծաղկաձորում վայելածս սերն ու ջերմությունը։ Ես արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում այս համաժողովին, եւ իմ ու այստեղ ներկա շատ երիտասարդների միջեւ հաստատվել է ոչ միայն գործընկերային, այլեւ ես կասեի, եղբայրական կապ։ Ողջունում եմ նմանատիպ ցանկացած միջոցառում, քանզի դրա արդյունքում ավելի են ամրապնդվում  բարեկամական կապերը։ Ես միշտ մի առանձին հպարտությամբ ու բերկրանքով եմ նայել ավագ սերնդի գրողներին, մեր ԳՄ նախագահներին, նրանց բարեկամությանը եւ ուրախ եմ, որ այս կապը փոխանցվում է եւ նոր սերնդին։ Թո՚ղ հավերժի մեր բարի կապը, իսկ երիտասարդներիցս յուրաքանչյուրը դրա հիմքում դնի մի նոր, ամուր աղյուս։

ՆԻԿԱ ՔՎՐԻՎԻՇՎԻԼԻ (բանաստեղծ, դերասան, Թբիլիսի)
- Հազարամյակների պատմություն ունեն Վրաստան-Հայաստան գրական կապերը, որոնք այնքան անհրաժեշտ են հատկապես այսօր։ Այս իմաստով կարեւորում եմ երիտասարդների դերը։ Ուզում եմ ընդգծել հենց այս համաժողովի դերը, քանզի փոխկարծիքները, միմյանց ստեղծագործությունների թարգմանությունները շատ  կարեւոր ազդակ են մեր գրական մտքի զարգացման համար։ Խորապես շնորհակալ լինել նրանց, ովքեր վարեցին վարպետության դասերը։ Իմ մեջ հատկապես են տպավորվել Վ.Հակոբյանի այն խոսքերը, թե «Հաղթում է այն գրականությունը, որը հենվում է երիտասարդության վրա»։ Ուրեմն մենք պիտի արդարացնենք մեր ավագ գործընկերների հույսերը։ Համաժողովի օրակարգը մեզ հնարավորություն տվեց նոր տարածքներում փորձելու մեր ուժերն ու ավելի ակտիվացնել դժվարություններ հաղթահարելու որոնումները։ Ես հատկապես եմ ոգեւորվել, որ ձեռնամուխ եղանք նոր ծրագրի իրականացման՝ «Վրաստանից տեսած Հայաստանը եւ Հայաստանից տեսած Վրաստանը»։ Նոր բարեկամների ձեռքբերումը եւ միասնական աշխատանքը, սակայն, պիտի շարունակենք անպայման հենված հին ավանդույթների վրա։ Ինձ ոգեւորել է նաեւ այն, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Եվ վերջապես հիացած եմ Ծաղկաձորով՝ մի քանի օր լավ հանգստացանք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀԳՄ եւ ՎԳՄ նախագահներին, հանգստյան տան տնօրեն՝ պրն Մովսեսին։

ՏԻԳՐԱՆ ԳԱԲՈՅԱՆ (բանաստեղծ, Սիրիա)
- Երիտասարդ գրողներու համաժողովին «Ծաղկաձոր, 24-26 մայիս» յատկապէս վրացի գրողներուն հետ հանդիպումը անմիջական էր ինծի համար: Ծանօթութիւնն յիշեցուց մեզի հայկական-վրացական որոնումներուն մասին, ներկայ մեր աշխարհին մէջ, ուր ինքնութեան հրաբուխ կայ, ուր բոլորս միասին հրաւիրուած ենք գնահատելու մէկս-միւսին ու պատմական մեր դերը շարունակելու: Վրաստանը անծանօթ է ինծի համար, բայց Իրաքլի Շամաթավայի, Գէնրի Դոլիծէյի ու Պետրէի, նաեւ տիկիններ Մաղվալա Գոնաշվիլիի ու Անահիտ Պոստանճեանի, հետ շփումներէն վերջ, տեսայ, որ մօտ ենք մենք հիւսիս-հարաւի, արեւլք-արեւմուտքի խաչմերուկին վրայ: Աշխարհը շատ արագ փոխուող տեղ է, ու պահ մը կը թուի, որ ծանօթութիւններն ալ անցողիկ են, բայց այս պարագային ուրախ էի, երբ զգացի, որ աշխարհի փոփոխականութեան հետ մնայուն ու հին գիծեր կան իմ (Միջին Արեւելք ապրող, արեւմտահայկական մշակոյթ կրող ու Հայաստան-սփիւռքի հարցերուն սերտ աղերսուած) ու վրացի տղոց միջեւ, որոնք եկած էին Ծաղկաձոր՝ Թիֆլիսէն կամ Վրաստանի ուրիշ շրջաններէն: Այո, միշտ մարդկային մօտիկութիւն-բարեկամութիւնը ամէն տեղ կայ ու կարեւոր է։ Իսկ տղոց հետ ծանօթութենէս վերջ զգացի, որ հայ-վրացական (առանց խորանալու քաղաքականութիւններուն մէջ) կապերը անցողիկ չեն ու ոչ ալ կրնան ըլլալ, այլ պիտի ըսեմ այստեղ, թէ այդ կապերը առաքելութիւն ունին ու Հայաստանն ու Վրաստանն իրար ամբողջացնող յատկանիշներ ունին, որոնք պէտք են միշտ: Հոս պիտի ըսեմ՝ լաւ է՞ք, վրացի ընկերներ, պիտի անպայման գամ Թիֆլիս… Բարեւեցէք Վրաստանին մինչ այդ…

ՊԵՏՐԵ ԿՈԼԽԻ (Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարի հայր սուրբ, բանաստեղծ)
- Բավականին արգասաբեր էր մեր այցը Հայաստան։ Ես այնտեղ ձեռք բերեցի հիանալի բարեկամներ՝ Էդուարդ Հարենց, Կարեն Անտաշյան, Վլադիմիր Արենեւ, Տիգրան Գաբոյան…։ Այնքան հարազատ էր ինձ ծաղկաձորյան միջավայրը, որ թվում էր, թե  Վրաստանում եմ գտնվում։ Ճիշտն ասած, մինչ այս, կարծում էի, թե միայն Վրաստանն է հայտնի իր հյուրընկալությամբ, սակայն Հայաստանում տեսածս փոխեց իմ պատկերացումները։ Հաղթահարված էր օտարության անջրպետը։ Մեր սիրելի տիկին Անահիտի օգնությամբ մենք կարողացանք մեր եղբայր ժողովրդի հետ ստեղծել անմիջական կապ։ Իսկ պարոն Լեւոնը՝ այս վոյաժի գլխավոր օղակը, ինձ պարզապես հիացրեց իր եզակիորեն մարդկային խառնվածքով։ Այսօր, իսկապես, շատ բարձրամակարդակ են մեր հարաբերությունները. այլ կերպ լինել չի էլ կարող, չէ՞ որ ազգությամբ հայ է եւ մեր վրացի սրբերից մեկը, Թբիլիսիում է ծնվել եւ հայ եռալեզու բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան, որի 300-ամյա հոբելյանը մեր վերադարձի հաջորդ օրը նշեցինք մեր քաղաքում։ Ի դեպ, հաճելի էր, որ նույն օրն էլ Թբիլիսիի Հայարտանը, որով եւ հատկապես Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանով հիացած եմ, նշեցինք նաեւ մեր թանկագին Վարդան Հակոբյանի նորընծա վրացերեն գրքի շնորհանդեսը։ Ստեղծագործական այս աննախադեպ վարար լույսն էլ, անկեղծ ասած, ցրեց անորոշության մշուշը՝ հիշեցնելով ինձ երիտասարդ Տատոյի (Նիկոլոզ Բարաթաշվիլի¤ խոսքերը. «Ժամանակը մերն է, եւ ժամանակի հույսը մենք ենք»)։ Այո՚, այնտեղ, ուր վերջանում է Վրաստանը, սկսվում է՝ Հայաստանը։ Ու ցնծում է իմ հոգին հիմա Հայր Աստծո առջեւ։

ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻ (ՎԳՄ նախագահ)
- Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Վրաստանի եւ Հայաստանի ԳՄ-ի միջեւ հաստատվել են գրական կայուն հարաբերություններ։ Հատկանշական են Հայաստանում վրացական պոեզիայի եւ արձակի օրերը, իսկ Վրաստանում՝ հայկական։ Նաեւ՝ երիտասարդ գրողների հանդիպումները։ Հենց այս բարեկամության արձագանքն էր այս տարի Վրաստանում անցկացրած Կովկասյան փառատոնը՝ նվիրված Վ.Փշավելայի 150-ամյակին, որի ժամանակ մրցանակներ շնորհվեցին նաեւ հայ գրողներին։ Եվ ահա այժմ էլ՝ ծաղկաձորյան համաժողովը՝ որպես  յուրօրինակ շարունակություն այդ փառատոնի։ Ուզում եմ ընդգծել, որ Հայ արձակի անթոլոգիան լույս տեսավ Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ասեմ, որ գրքում ներկայացված է 20 արդի հայ գրող։ Իմ մեջ հատկապես են տպավորվել շնորհանդեսի ժամանակ Հայաստանում Վրաստանի դեսպան Թ.Շարմանաշվիլու խոսքերը՝ «Այնքան մեծ գործ են անում Վրաստանի եւ Հայաստանի գրողների միությունները, որ կարծում եմ, որ մենք՝ քաղաքական գործիչներս պիտի գնանք նրանց հետքերով»։ Ինձ համար նշանակալից էր այն, որ մեր վրացի երիտասարդ գրողները բարեկամացան Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Սիրիայի, Ուկրաինայի եւ այլ երկրների իրենց հասակակիցներին, մի բան, որը հույս է ներշնչում, որ նոր գրական կամուրջներ են գցվում մեր եւ մեր բարեկամ երկրների միջեւ։

ՌԵՎԱԶ ՄԻՇՎԵԼԱՁԵ (արձակագիր, ՎԳՄ փոխնախագահ)
- Կարելի է համարձակ ասել, որ վերջին տարիներին Հայաստանը եւ Վրաստանը, որպես բարեկամ երկրներ, հիանալի օրինակ են ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Սովորաբար գրական կյանքը աշխուժանում է ոչ միայն գրողների, այլեւ գրականության նվիրյալների ջանքերի շնորհիվ։
Դա ճախրանքի թեւեր է տալիս գրողներին եւ հնարավորություն ընձեռում ոչ միայն սեփական ժողովրդի հույզերն արտահայտել, այլեւ նրան ներկայացնել այլ ժողովուրդների հաջողությունները, խոհերը, ձգտումները, արդյունքում՝ ընդլայնել թարգմանական գրականության սահմանները։ Այս իմաստով, կարծում եմ՝ Գոնաշվիլու եւ Անանյանի ղեկավարությամբ գրական միջոցառումները ձեռք են բերել այնպիսի մասշտաբներ, որ դրականորեն են ազդում նաեւ մեր պետությունների քաղաքական դաշտի վրա։ Երբ Հայաստանում, Իսահակյանի անվան գրադարանում, տեղի ունեցավ «Ժամանակակից հայ արձակ» գրքի շնորհանդեսը, իմ ուշադրությունը, նախեւառաջ, գրավեց լեփ-լի դահլիճը։ Կային նույնիսկ ոտքի վրա կանգնած մարդիկ՝ վրացի գրողներին լսելու համար։ Ես իմ խոսքի սկզբում պատահական չօգտագործեցի «օրինակ» բառը։ Մեր ցանկացած միջոցառման ժամանակ՝ բանավեճ թե գրական փառատոն,  գրքի շնորհանդես, միշտ ներկա են լինում պաշտոնատար անձինք (Թբիլիսիի քաղաքապետարանի, պետական գրասենյակի, Վրաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչներ)։ Ինձ շատ է գոհացրել այս այցը Երեւան եւ հատկապես երիտասարդների ներկայությունը։ Ես անչափ հպարտ եմ, որ նրանց ելույթները հատկապես էին ուշադրության արժանանում։ Իսկ դա հավատչյան է այն բանի, որ արդի վրաց գրականությունը համաշխարհային գրական շարժման մեջ ունի իր ուրույն տեղը։ Ինձ բախտ վիճակվեց ու դրա համար հպարտ եմ եւ շնորհակալ ՀԳՄ-ից, որ Ծաղկաձորում անցկացրի վարպետության դասեր՝ արդի վրաց արձակի մասին։ Բոլորը գոհ մնացին, իսկ ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ ավագ սերունդը պիտի իր փորձը փոխանցի երիտասարդներին ու ժամանակի հետ նրանց հանձնի գրական հերթափոխը։ Ուզում եմ երախտագիտության խոսք ասել Վրաստանի մշակույթի նախարարության հասցեին, որը հովանավորել էր Հայ արձակի հրատարակությունը եւ Թբիլիսիի քաղաքապետարանին, որի աջակցությամբ մեր պատվիրակությունը մեկնեց Հայաստան։

ԷԼՖԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ (երիտասարդ գրող, Վանաձոր)
- Հիացած եմ իմ վրացի հասակակից բարեկամներով, նրանց անմիջականությամբ, տաղանդով։ Սակայն չեմ կարող չասել, որ ինձ պակաս չի գրավել եւ ավագ սերունդը։ Մինչ ես կկարդայի Ծաղկաձորում նվեր ստացած Միշվելաձեի հայերեն «Երբ արցունք էլ ցամաքեց» գիրքը, բախտ ունեցա լսել նրա վարպետության հիանալի դասը, որտեղ դասական գրողը հատկապես կարեւորեց գրական էսթետիկայի խնդիրը եւ թարգմանական գործի զարգացումը մեր գրականությունների միջեւ՝ որպես բարեկամությունը ապահովող ամենակարեւոր գործոն։

ԻՐԱԿԼԻ ՇԱՄԱԹԱՎԱ (արձակագիր, Թբիլիսի)
- Վրաստանի երիտասարդ գրողների միության նախաձեռնությամբ, հրատարակվել է Արդի հայ արձակի անթոլոգիան։ Որպես արձակագիր հայտարարում եմ, որ այսօր զարգացում է ապրում հայ արձակը՝ արտահայտելով  բոլոր այն խմորումները, որոնք այսօր տեղի են ունենում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում։ Հիմնականում գիրքը վերաբերում է հասարակական հիմնախնդիրներին, պատերազմի արհավիրքներին, վեր է հանում բարին, այպանում չար ուժերը… Այնքան կենդանի են ու տեսանելի կերպարները, որ քեզ թվում է, թե գործ ունես դիմանկարների հետ կամ տեսաֆիլմ ես դիտում։ Ես հիացած եմ գրքի շնորհանդեսով Իսահակյանի անվան գրադարանում։ Իսկապես շատ տպավորիչ էր։ Կարծում եմ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մենք՝ հայերս ու վրացիներս, սկսում ենք մի նոր, միասնական գրական շինարարություն։ Ու եթե դա ինչ-որ չափով համեմատենք Բաբելոնի աշտարակաշինության հետ, ապա համոզմունք եմ հայտնում, որ մենք նախ միասնական կլինենք, որպեսզի մեր աշտարակի կառուցումը անավարտ չմնա, եւ կլինենք այնքան հարազատ ու  ջերմ միմյանց հանդեպ, որ մե’նք արդեն առանց միմյանց տեսնելու ու լսելու էլ կհասկանանք միմյանց։ Կարծում եմ, որ նման միջոցառումները խիստ անհրաժեշտ են երկուստեք, մանավանդ մեր դարաշրջանում, երբ մարդկանց միջեւ աններդաշնակությունն անընդհատ զգացնել է տալիս իրեն։ Թբիլիսի վերադարձը եւս «պսակվեց» հաճելի ու բարի անակնկալով. մասնակցեցինք Սայաթնովյան վարդատոնին եւ ղարաբաղցի նշանավոր գրող Վարդան Հակոբյանի հիանալի, խորքային բանաստեղծությունների գրքի շնորհանդեսին, որ այնքան լավ թարգմանել է բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը։
Շատ շնորհակալություն պարոն Լեւոն Անանյանին, տիկին Մաղվալա Գոնաշվիլուն, Հայաստանում Վրաստանի դեսպան պարոն Թենգիզ Շարմանաշվիլուն, ում հյուրընկալվելիս այնպիսի զգացողություն համակեց ինձ, ասես գտնվում էի հայրենի հողի վրա։ Վերջապես շնորհակալություն «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին այս գեղեցիկ էջը մեզ տրամադրելու համար։

ՈՒՉԱ ԶԱԿԱՇՎԻԼԻ (երիտասարդ գրող, Թբիլիսի)
- Ծաղկաձո՜րը… Աստվածային վայր է, հիացած եմ պարզապես։ Այստեղ կարելի է հոգեկան հավասարակշռություն գտնել, այնքան ջերմ ու հյուրընկալ են թե’ մարդ, թե’ բնություն։ Իսկ այս հանգստությունը պետք է ոչ միայն գրողների, այլեւ ընդհանրապես մարդկանց համար։ Եվ որ, ուզում եմ անպայման խոստովանել հատկապես մեր՝ վրացիներիս հանդեպ զգացի բացառիկ սեր ու ուշադրություն։ Ու դա ինձ շատ-շատ սիրել տվեց Հայաստանը, հայ ժողովրդին։ Ես առաջին անգամ եղա Հայաստանում, ու ինձ մոտ ծնվեց, այսպես ասած, սեր առաջին հայացքից։ Ինձ դուր եկավ ձեր երկիրը, սիրելի՚ հայեր, ես սիրում եմ ձեզ։

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Բանաստեղծ

 
< Հունիս 2012 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30