Vrastan

ვრასტან (საქართველო)

Vrastan (Georgia)

Врастан  (Грузия)

Home

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՑ ԿՕԳՏՎԻ ՇՈՒՐՋ 800 ՀԱԶԱՐ ՖԵՐՄԵՐ

90 ՄԻԼԻՈՆ ԼԱՐԻ՝ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ինչպես արդեն հաղորդել ենք, Վրաստանի կառավարությունը գյուղատնտեսության ոլորտը հայտարարել է 2014 թվականի առաջնահերթային ուղղություններից մեկը։ Ելնելով վերոնշյալից՝ գյուղատնտեսության նախարարությունը մշակել եւ կառավարության հաստատմանն էր ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք նախագծեր։ Ներկայացված առաջարկություններից մեկը վերաբերում էր սակավահող ֆերմերներին աջակցության ցուցաբերմանը։ Ի՞նչ օգնություն է նախատեսում ցուցաբերել պետությունը, ֆերմերները, անցյալ տարվա օրինակով, ընթացիկ տարում կստանա՞ն արդյոք արտոնյալ գներով վառելանյութի, սերմանյութի, պարարտանյութի, գյուղատնտեսական գործիքների ձեռքբերման վաուչերներ, եւ, ընդհանրապես, ի՞նչ է նախատեսում գյուղատնտեսության նախարարության կողմից հատուկ ընթացիկ գարնանային աշխատանքների խրախուսման համար մշակած նախագիծը։

Հաշվի առնելով թեմայի հրատապությունը՝ մենք զրուցեցինք նախարարության կողմից մշակված եւ կառավարության կողմից արդեն հաստատված «2014 թվականի գարնանային աշխատանքների կատարման համար սակավահող ֆերմերների աջակցության» նախագծի մենեջեր Դավիթ Կիկնաձեի հետ։

Ընթերցել...
 

ՎԵՆԵԴԻԿՏ ԵՐԱՆՈՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ ՎՐԱՆՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

Թբիլիսիի «Արենա» մարզադահլիճում եզրագիծը հատեց բռնցքամարտի Վրաստանի առաջնությունը, որին մասնակցում էին երկրի տարբեր երկրամասերի շուրջ հարյուր մարզիկներ։

Մրցաշարի արդյունքներով այլ մարզիկների թվում երկրի չեմպիոնի կոչումը նվաճեցին թբիլիսցի Արթուր Մովսիսյանը (56կգ), եւ ախալքալաքցի Վենեդիկտ Երանոսյանը (60կգ)։
Նշենք, որ Վենեդիկտ Երանոսյանը արժանացավ նաեւ «Բիլայնի» հատուկ մրցանակին։
Առաջնության արդյունքներով ձեւավորվել է երկրի հավաքականը եւ առաջիկայում վերոնշյալ մարզիկները Վրաստանի մարզական դրոշի ներքո հանդես են գալու բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։

Ընթերցել...
 

ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՒՆԱՆՅԱՆՑ. «ԱՄԵՆ ՕՐ ԺԱՄԸ 22-ԻՆ՝ ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ»

Ինչպես արդեն հաղորդել ենք, վրացական հեռուստաասպարեզում սկսել է գործել նոր TV-3 հեռուստաընկերությունը։ Ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Բայբուրթը տեղեկացրել էր, հեռուստաալիքը ոչ վրացալեզու հեռուստադիտողների համար նախատեսում է ռուսերեն հաղորդաշար։
Մենք հանդիպում ունեցանք TV-3 հեռուստաալիքի ամենօրյա ռուսալեզու լրատվական «Իտոգի» հաղորդման եւ շաբաթական «Իտոգի նեդելի» վերլուծական հաղորդաշարի հաղորդավար ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՒՆԱՆՅԱՆՑԻ հետ։

- Ինչո՞վ էր պայմանավորված TV-3 հեռուստաալիքում ռուսալեզու լրատվական ծառայության հիմնումը։
- Վերջին ժամանակներում, Վրաստանի բնակչության մի մասի համար ծագել էր լրատվական որոշակի վակուում։ Խոսքս առաջին հերթին վերաբերում է ազգային փոքրամասնություններին։ Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի երկրամասերի շատ բնակիչներ, ցավոք, առայժմ բավարար չափով չեն տիրապետում պետական լեզվին։  Քիչ չեն նաեւ այնպիսիները Վրաստանի մյուս տարածաշրջաններում, այդ թվում՝ նաեւ Թբիլիսիում, ովքեր դժվարությամբ են ընկալում վրաց լեզվով մատուցվող տեղեկատվությունները։ Սակայն, նրանք բոլորը Վրաստանի քաղաքացիներ են եւ իրավասու են, ինչպես ընդունված է ասել, նախնական աղբյուրից ստանալ տեղեկատվություն երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ըստ իս, դա լրիվությամբ արդարացի պահանջ է։ Ճիշտ է, մենք գիտենք, որ երկրի հայազգի բնակիչները հանրային հեռուստատեսության 2-րդ ալիքով դիտում են կարճաժամկետ հայերեն հաղորդումներ, գիտենք նաեւ, որ տեղերում ուշադրությամբ ընթերցում են «Վրաստան» թերթը, այնուամենայնիվ, մենք ստեղծելով TV-3֊ի ռուսալեզու հաղորդաշարը, բնականաբար նկատի ենք ունեցել նաեւ այն հանգամանքը, որ երկար տարիներ ռուսաց լեզուն մեր տարածաշրջանում եղել եւ շարունակում է մնալ ազգամիջյան հաղորդակցության լեզու։

Ընթերցել...
 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԺՇԿԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ ԱՆՑՆԵԼ

Բժշկի վարձատրումն ու աշխատանքային պայմանները շարունակում են առողջապահության ոլորտի լուրջ խնդիր մնալ: ընթացիկ տարվանից կառավարությունը քայլեր է ձեռնարկելու այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Եվ առաջնահերթություններից մեկը գյուղի բժշկի նկատմամբ ցուցաբերվող մոտեցումներն են լինելու: Իշխանությունը նախատեսում է բարեկարգել տարածաշրջանների ամբուլատորիաների նյութատեխնիկական բազան: Բժիշկները հարկադրված կլինեն պարբերաբար հավաստագրում անցնել, ինչը պայմանավորված է բուժանձնակազմը «մշտապես կանոնակարգված տեսնելու» խնդրով:

Գյուղական բժիշկների նվազագույն աշխատավարձի չափը սահմանվեց 500 լարի: Իսկ մասնավոր բուժհիմնարկներում աշխատող բժշկական անձնակազմի աշխատանքի վարձատրումը կրկին մասնավոր ընկերությունների ներքին գործն է համարվելու:
«Առայժմ ոչինչ չի փոխվել: Արդեն այս տարի առողջապահության բնագավառում ծրագրում ենք որոշ միջոցառումներ անցկացնել: Առողջապահության եւ սոցիալական սպասարկման ոլորտի ֆինանսավորմանը տրամադրվելու է 3 միլիարդ, ինչը կազմում է ընդհանուր բյուջեի 29 տոկոսը: Սա աննախադեպ մեծ ցուցանիշ է, որը զգալիորեն կնպաստի առողջապահության բնագավառում առկա խնդիրների կարգավորմանը:

Ընթերցել...
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԸ ՀՈՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ Է

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՊԱՀԱՆՋՎԻ ԱՌՆՎԱԶՆ 40 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցումը դեռ չի սկսվել, թեպետ այդ ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար միլիոններ են ծախսվում եւ դրանց արդյունավետության ապահովման համար վերոնշյալ հիմնախնդրի կարգավորումը հրատապ նշանակություն է ստանում։

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական նշանակության հողերի ավելի քան 80 տոկոսը դեռեւս չի գրանցված։ Այդ հիմնախնդիրը տարիներ շարունակ մնում էր չկարգավորված, թեպետ հարցն առանձնակի հրատապություն ձեռք բերեց այն ժամանակ, երբ իշխանափոխությունից հետո ձեւավորված նոր ղեկավարությունը գյուղատնտեսության զարգացումը հռչակեց որպես գլխավոր առաջնահերթություն։ Մասնագետների հավաստիացումներով, գյուղատնտեսական նշանակության հողերի հարցում այնպիսի քաոսային իրավիճակ է, որ դրա կարգավորման համար կպահանջվեն տարիներ։ Սակայն, հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընթացիկ տարվանից արդեն մեկնարկել է գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնման գործընթացը, միաժամանակ ոլորտի զարգացման համար ծրագրված են բազմամիլիոնանոց բյուջետային նշանակալի նախագծեր։

Ընթերցել...
 

ՀԻՆ ԹԻՖԼԻՍԻ ՁԵՆԵՐԸ…

Հայ գրականության դասական Բենիկ Սեյրանյանի (1913-2003) ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանը, որ լրացավ ու նշվեց 2013֊ի դեկտեմբերին, նշանավորվեց հրատարակչական մեծ ճաշակով ձեւավորված, «Կամուրջ» գրական֊մշակութային կազմակերպության մատենաշարով, կազմակերպության ղեկավար բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ, իբրեւ երախտիքի խոսք՝ անվանի գրողի ստեղծագործությունների՝ «Հին Թիֆլիսի ձեները» գողտրիկ ժողովածուի լույսընծայմամբ։

Թբիլիսիում տպագրված այդ գիրքը Բենիկ Սեյրանյան գրողի, լրագրողի («Վրաստան» թերթում աշխատել է գրեթե 70 տարի, մինչեւ կյանքի վերջը) տարբեր ժամանակներում գրած պատմվածքների, նովելների եւ մանրապատումների փոքրիկ ընտրանի է։ Այստեղ համատեղված գործերի ներքին կապը ստեղծվում է, Սիլվա Կապուտիկյանի խոսքով ասած՝ «Մարդկանց ու ժողովուրդների միջեւ սիրո ու բարեկամության մթնոլորտ հաստատելու» Սեյրանյանական ազնիվ միտումով։
Գրքին կցված են ժամանակակից գրական աշխարհի ներկայացուցիչների՝ Բենիկ Սեյրանյան գրողին նվիրված հակիրճ, ընդգրկուն բնորոշումները, սկսած գրականության դասականներ՝ Սիլվա Կապուտիկյանից եւ Մորիս Փոցխիշվիլուց, վերջացրած ժամանակակից հայտնի գրողներ Վահագն Դավթյանով եւ Ջանսուղ Չարկվիանիով։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

ՍՊԱՍՎԱԾ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Երեկոն, որ տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, հունվարի 18-ին, սպասված էր… Դա, տասնամյակների պատմությունն ուսած, գրական շրջաններին քաջածանոթ, Վրաստանի գրողների միության եւ «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության տարեգրքի հերթական՝ 2013 թվականի ժողովածուի շնորհանդեսն էր։

Նորընծա «Կամուրջ»-2013-ը, ինչպես միշտ, իր «Արձակ եւ չափածո էջեր» շարքում միավորել է Վրաստանի հայ գրական դաշտի ներկայացուցիչներին։ Եվ ոչ միայն նրանց։ Գրքի՝ «Օտարագիր, բայց ոչ օտար», «Մեր հայրենակիցները Հայաստանում եւ սփյուռքում», «Գրական միջօրեականներ» խորագրերի էջերում տեղ են գտել Հայաստանում, սփյուռքում ստեղծագործող եւ՝ Վրաստանի օտարագիր հայ հեղինակներ։

Ընթերցել...
 

ԳՅՈՒՄՐԵՑԻ ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՆՎԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Վերջերս պոեզիայի սիրահարներին հիանալի նվեր մատուցեց «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպությունը. «Թարգմանական գրականության գրադարան» մատենաշարով լույս տեսավ հայերենից վրացերեն թարգմանված եւս մեկ բանաստեղծական ժողովածու: Գրքի հեղինակն այս անգամ Հայաստանի Շիրակ աշխարհի ճանաչված ու Հայաստանում հայտնի բանաստեղծներից է՝ 15 գրքի հեղինակ Սամվել Մարգարյանը, ով նաեւ Գյումրիում լույս տեսնող «Շիրակ» թերթի խմբագիրն է, Շիրակի մարզի Երազգավորս գյուղում կառուցված Բագրատունյաց փառքի հուշապուրակի հիմնադիր կառուցողը, իսկ թարգմանիչը՝ մատենաշարի հիմնադիր, ՀԿ նախագահ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը:

Հետաքրքիր ու հարուստ է Սամվել Մարգարյանի բարդ, միաժամանակ մատչելի ու պարզ բանաստեղծական աշխարհը՝ իրականի ու երազայինի կենդանի համադրությամբ, ընթերցողի հետ անկեղծ զրույց ծավալելու աստվածատուր շնորհով: Քաղաքացիական բարձր կենսադիրք, խոր հայրենասիրություն, արմատների ու ակունքների, մասնավորապես, Էրգրի՝ կորուսյալ հայրենիքի հանդեպ որդիական ի խորոց սրտի նվիրվածություն, աստեղաց նման միշտ լույս տալու ձգտում, մարդասիրություն. ահա նրա քերթվածների առանցքը: Քերթվածներ, որոնցից գրեթե յուրաքանչյուրից ցոլանում է մարդկային բարի ժպիտը, սիրող սիրտը եւ Վեհի ու Գեղեցիկի զգացողությամբ ապրող պոետական մի հոգի: Հուզիչ է բանստեղծությունների այն շարքը, որոնց մեջ Մարգարյանի մխացող սիրտն է լալիս մեր կորուսյալ հայրենիքի համար՝ Կարսի ու Վանի, Անիի ու Մուշի… Երբ կարդում ես դրանք, որ արգասիք են Էրգիրը աչքերով տեսած բանաստեղծի խոհերի. թվում է, նրա հետ միասին ճամփորդում ու մեկ- մեկ տեսնում ես դրանք ու ցավում, միաժամանակ, հպարտանում նախնյաց հերոսական անցյալով…

Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
Page 23 of 53
< Ապրիլ 2024 >
Ե Ե Չ Հ Ո Շ Կ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30